ԱՄՆ-ը չի մասնակցի Աֆղանստանին նվիրված մոսկովյան հանդիպմանը. Պետդեպարտամենտ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ-ից ներկայացուցիչներ չեն լինի Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձեւաչափով հանդիպմանը, որը հոկտեմբերի 20-ին տեղի է ունենալու Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք չենք մասնակցի այս շաբաթ անցկացվող մոսկովյան բանակցություններին»,-Փրայսն ասել է ճեպազրույցում: Փրայսի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ն «այն իրավիճակում չէ, որպեսզի մասնակցի հանդիպմանը: Նա հավելել է, որ դա կապված է Վաշինգտոնի համար «լոգիստիկ բարդությունների» հետ: Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ քննարկումների նման ձեւաչափը՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Պակիստանի մասնակցությամբ, «արդյունավետ է ու կառուցողական», եւ ԱՄՆ-ը պատրաստ Է նման ձեւաչափին մասնակցել ապագայում: Ինչպես հաղորդվել է, Մոսկվայի հանդիպմանը հրավիրված են ԱՄՆ-ի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները: «Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը՝ Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Սալամ Խանաֆիի գլխավորությամբ, հոկտեմբերի 19-ին նույնպես կժամանի Մոսկվա՝ քննարկումներին մասնակցելու համար:

Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձեւաչափի հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում: Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը, հանդիպման նախօրյակին՝ հոկտեմբերի 19-ին, տեղի կունենա «ընդլայնված եռյակի»՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի, Աֆղանստանին նվիրված հանդիպումը, որտեղ կփորձեն «ընդհանուր դիրքորոշում մշակել Աֆղանստանի փոփոխվող իրադրության վերաբերյալ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: