Ապրիլի 23-ին և 24-ին կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում

Մանրամասներ

1

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն օրը, ժամը 9․00-ից 10․30-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։