Ինչպե՞ս են ապրում Մարիուպոլի փախստականները․ Վրաններում, սակայն կրակոցներից հեռու․ ՏԱՍՍ

Իրավիճակ
ա

Մարիուպոլից դուրս եկած հարյուրավոր փախստականներ այժմ գտնվում են վրանային ճամբարում, որը տեղակայել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Բեզիմեննոե գյուղում։ Այստեղ փախստականները սպասում են գրանցման և ժամանակավոր տեղակայման կենտրոններ մեկնելու իրենց հերթին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, մարտի 22-ի առավոտվա դրությամբ՝ մեկ օրում Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 600 մարդ, այդ թվում՝ 134 երեխա։ 

ԴԺՀ ԱԻՆ-ի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ Ալեքսանդր Խոջագելդիևի խոսքով՝ ճամբարը շուկայի տարածքում է, յուրաքանչյուր վրանում կարող է տեղակայվել 10 մարդ։ Ընդհանուր առմամբ, այն նախատեսված է 450 փախստականի համար և այս պահին արդեն լիքն է։ Բոլոր վրաններում կան վառարան ու մահճակալներ, տրամադրվում են անկողնային պարագաներ և երեքանգամյա սնունդ։ Բացի այդ, ճամբարում կա բջջայինները վերալիցքավորելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս փախստականներին կապ պահպանել հարազատների հետ, իսկ բուժաշխատողներն ու հոգեբանները հասանելի են շուրջօրյա։

Փախստականների խոսքով՝ ճամբարում շատ ավելի ապահով է, քան իրենց քաղաքում։

«Ուկրաինայի կողմ մենք չկարողացանք գնալ, քանի որ ամեն ինչ արգելափակված էր, անդադար հրետակոծություններ էին և կարող էինք արկի հարվածի տակ հայտնվել», - պատմել է փախստականներից մեկը՝ շեշտելով, որ վտանգավոր էր ինչպես փողոցում, այնպես էլ տանը։ 

Նրա խոսքով՝ այստեղ իրենց լավ են ընդունել, ապահովել են սնունդով ու տաք ջրով, մինչդեռ Մարիուպոլում վերջին օրերին արդեն ոչինչ չկար։ Այժմ իրենք սպասում են գրանցման իրենց հերթին ՌԴ-ում գտնվող հարազատների մոտ մեկնելու համար, քանի որ Մարիուպոլ վերադառնալ այլև չեն կարող․ իրենց տներն այլև չկան։