Մեկնարկել է «1 միլիարդի ներդրում» «կախարդական կարգախոսը»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանը գրոհ է սկսել Հայաստանի դեմ բոլոր ուղղություններով: Երևանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու թեմը բացելու շտապ որոշումից,  ՀՀ-ում ռուսական դպրոցների բացման հարցում ՀՀ իշխանությունների «հետաքրքրության» մասին Լավրովի հայտարարությունից, պղնձամոլիբդենային ամենամեծ կոմբինատի փաստացի օտարումից հետո Ռուսաստանը հայտարարում է տնտեսական էքսպանսիայի նոր ալիքի մասին:

Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, որոնց մի զգալի մասը խոշորագույն հարկատուներից են, իսկ կուտակված ռուսական ներդրումների բաժինը գերազանցել է 40%-ը, ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը Երևանում ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ:

Մոտակա տարիներին ռուսաստանյան ընկերությունները, ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ նոր ընկերությունները, նախատեսում են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել: Այս ներդրումների մեծ մասն ուղղվելու է էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներին, ինչպես նաև ենթակառուցվածքներին:

Հայաստանի իշխանությունները քար լռություն են պահում ՀՀ-ում Ռուսական եկեղեցու թեմ ստեղծելու և ռուսական դպրոցներ բացելու հարցում: Խորհրդարանի «ընդդիմությունը» նույնպես խնամքով անտեսեց Ռուսաստանի քայլերը ՝ ուղղված հայկական ինքնության «ինտեգրմանը»: Էլ չենք խոսում «եռակողմ հայտարարության», անվտանգության և Հայաստանի սահմանները Ռուսաստանին հանձնելու հարցում տաբուի մասին: Հայաստանում խոսում են միայն տնտեսական «օգուտների» ու ասֆալտի մասին:

Նիկոլ Փաշինյանը ռուս-հայկական ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում ասել է, որ «մենք դիտարկում ենք մեր տնտեսությունների հետագա մերձեցման և փոխադարձ ինտեգրման հարցը»:

Ռուսաստանի օգնությամբ տնտեսության զարգացումը, ինչպես Ռուսաստանի օգնությամբ բանակի արդիականացումը բլեֆ է կամ ինքնախաբեություն, որը մեկ անգամ չէ, որ բացահայտվել է: Ռուսաստանը վերջերս փորձեց Հայաստանը «ինտեգրել» ռուսահայ մեծահարուստների միջոցով, սակայն ռուսերենի կարգավիճակի մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունները վերջ դրեցին այս նախաձեռնությանը: Այժմ մեկնարկել է մեկ այլ «կախարդական կարգախոս» ՝ «1 միլիարդի ներդրում»:

Սկզբնաղբյուր