Իրանը «Զանգեզուրի միջանցքը» բացելու նպատակով Հայաստանի տարածք ներխուժման տեղեկություններ ունի՞

Մանրամասներ

1

Վերջին օրերին իր հյուսիս-արեւմտյան սահմաններին զորաշարժերն ու սպառազինության ու մարդուժի կուտակումները, Բաքվի ուղղությամբ կոշտ հայտարարությունները Թեհրանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով։ Վարժանքները հետեւեցին Բերձորի մոտակայքում, Նախիջեւանում Բաքվի ու Անկարայի զորավարժություններին, ինչպես նաեւ Բաքվում Պակիստան-Թուրքիա-Բաքու զորավարժություններին։ Այս օրերին համատեղ զորավարժություն են անցկացնում Ռուսաստանն ու Պակիստանը, ընդ որում՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգում։

Չնայած քաղաքական ղեկավարության զուսպ կեցվածքին, Իրանի բարձրաստիճան զինվորականները բավական բաց տեքստով ներկայացնում են իրավիճակը։

Զորավարժությունների կապակցությամբ Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ «հարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխության կանխելն Իրանի հստակ ռազմավարություն է»: Նա նաեւ մատնանշել է Իսրայելի սադրանքների հավանականությունը։

Առավել բաց է արտահայտվել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին։ «Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա»։

Հայտարարությունն առավել քան խոսուն է։ Իրանցի հրամանատարի ասածից բխում է, որ Իրանը տվյալներ ունի կամ հավանական է համարում ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ՝ ՀՀ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու ու Հայաստանն Իրանից կտրելու նպատակով։

Փոխարենն Իրանն առաջարկում է օգտագործել արդեն իսկ գործող ճանապարհները Թուրքիայի ու Բաքվի միջեւ։ «Ադրբեջանից Իրան, այնտեղից Թուրքիա կամ Նախիջեւան, Իրանից Ադրբեջան, Հայաստան բեռնափոխադրումները պետք է իրականացվեն լիակատար անվտանգության և խաղաղության պայմաններում, երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և հարգեն էներգակիրների անվտանգությունը, տնտեսական երթուղիները և տարանցումը», ասել է Հեյդարին։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Լավրովը փորձում էր փարատել Իրանի կասկածները, որ նրա կոմունիկացիոն ու տրանզիտային շահերը չեն ոտնահարվի։ Նախքան զորաշարժերը, Բաքուն ու Անկարան նկատելի փորձեր էին անում համոզել Իրանին, այդ թվում նախաձեռնելով եռակողմ հանդիպումներ, քանի որ Իրանի դիրքորոշումը դառնում է առանցքային Հայաստանի համար։

Իրանի կոշտ դիրքը պայմանավորված է նաեւ Սոչիում Պուտինի ու Էրդողանի հանդիպմանը միջանցքը բացելու վերաբերյալ քննարկման հետ։ Դա միայն միջանցքի ու Հայաստանի հարց չէ, այլեւ Իրանի ամբողջականության սպառնալիք Մոսկվա-Անկարա համաձայնություններում։ Իրանի պաշտոնյաների հայտարարությունները հաստատում են այս հանգամանքը։

Սկզբնաղբյուր