Թրամփի անձնական փաստաբանը սպասարկել է Թուրքիայի շահերը. Bloomberg

Մանրամասներ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտնվել է ԱՄՆ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, գրում է Bloomberg-ը` մանրամասնելով, որ իշխանությունները հետաքննություն են սկսել Ջուլիանիի դեմ` հնարավոր համարելով, որ վերջինս զբաղվել է Թուրքիայի շահերի լոբբինգով: Այս մասին հաղորդել են գործին քաջատեղյակ աղբյուրները:

Նախկինում Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ջուլիանիի վերաբերյալ հարցեր են առաջացել 2017-ին. արդյոք նա ի շահ Թուրքիայի՞ էր գործում, երբ այն ժամանակ գործող նախագահ Թրամփի վարչակազմին դրդել է հանել ոսկու առևտրով զբաղվող Ռեզա Զարաբի դեմ փողերի լվացման բոլոր մեղադրանքները, ինչպես նաև փորձել է հասնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոս, ինքնակամ արտաքսման մեջ գտնվող մուսուլման քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը Թուրքիա: Հայտնի է, որ Անկարան տարիներ շարունակ պայքարում է Գյուլենի արտահանձնման համար, սակայն ԱՄՆ-ն համաձայնություն չի տալիս: Էրդողանը նրան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

Ջուլիանիի իրավաբան Ռոբերտ Կոստելոն հայտնել է, որ հետաքննության համար հիմք է հանդիսացել Washington Post պարբերականում հրապարակումը, ըստ որի` Ջուլիանին համառորեն փորձել է հասնել Գյուլենի արտահանձնմանը` Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ մի քանի հանդիպման ժամանակ: Սակայն Կոստելոյի պնդմամբ` իր պաշտպանյալը երբեք նման բան չի արել:

«Ջուլիանին երբեք չի փորձել հասնել քարոզչի արտահանձնմանն ու երբեք չի ներկայացրել Թուրքիան»,-ասել է իրավաբանը` շեշտելով, որ Ջուլիանիի միակ առնչությունը Թուրքիայի հետ եղել է Զարաբին ազատ արձակելն ու նրան Թուրքիայում պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ փոխանակելը:

Bloomberg-ը հավելում է, որ Ջուլիանիի դեմ հետաքննություն է վարվում նաև Ուկրաինայի շահերի լոբբինգով զբաղվելու վերաբերյալ: Գործի շրջանակում Հետաքննությունների դաշնային բյուրոն առգրավել է Ջուլիանիի էլեկտրոնային սարքերը: