Նիկոլը գիշերը ցերեկ է սարքել, ցերեկը՝ գիշեր. այնքան շատ է աշխատում, որ չի հասցնում ատամները փոխել. Փաշինյանի աջակից

Իր համար այսօր առաջին անհրաժեշտությունը մեր երկրի վիճակն է

ա

Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ժամանակ կազմակերպիչ, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանն իր ելույթում հայտարարել էր․ «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի ատամները դեռ փոխված չեն»։

Սա լրատվամիջոցներով, ինչպես նաև համացանցում դարձել էր բուռն քննարկման, հումորի թեմա։ Օգտատերերից մեկը հումորով գրել է․ «Նիկոլը շուտով կփոխի ատամները։Սա համաժողովրդական պահանջ է։ Ինչքան ենք չնչին…..»։ Մեկ այլ օգտատեր էլ հավելել է․ «Ատամնաբույժին դրա համար էլ տարել է խորհրդական»։

Aravot.am-ը բանախոս Արտյոմ Թումանյանից հետաքրքրվեց, թե նման միտք հնչեցնելով ՝հումոր է արե՞լ, որին ի պատասխան նա ասաց․ «Ի՞նչ հումոր, այո՛, նման միտք հնչեցրել ենք։ Ի նկատի ենք ունեցել այն փաստը, որ բոլոր պաշտոնյաները, բոլոր նախագահ ու վարչապետերը, նույնիսկ նախարարները միլիարդներ են դիզել տարիների ընթացքում, նույնիսկ եթե տաս կյանքն էլ իրենց տան, իրենք չեն հասցնի վայելել, բայց եթե վարչապետ Փաշինյանն այս րոպեին ուղղակի էլ չլինի վարչապետ, ինչ ուներ, այն էլ ունի։ Նա ունի երեք սենյականոց բնակարան «Մասիվ»-ում, ոչ մի բան ձեռք չի բերել, իր հետ ոչինչ չի տանելու, չի թալանել, պետությունից ոչինչ չի խլել։

Այո՛, իր ատամներն էլ դեռ փոխված չեն։Չեմ հասկանում քննարկելու ի՞նչ կա այդտեղ, նախ և առաջ պիտի մեր խոսքի իմաստը հասկանան։ Մենք ի նկատի ենք ունեցել, որ նախ ինքը թալանող չէ, պետությունը կեղեքող չէ։

Երկրորդ՝ այնքան շատ է աշխատում, որ ժամանակ չունի, չի հասցնում ատամները փոխել։ Օրուգիշեր աշխատում է , զբաղվում է մեր գերիներով, անհետ կորածներով, զոհվածներով, բոլորն իր ուսերին է, գիշերը ցերեկ է սարքել, ցերեկը՝ գիշեր։ Ժամանակ չունի սեփական կարիքները հոգալու․ ատամ փոխելն առաջին անհրաժեշտություն է, բայց իր համար այսօր առաջին անհրաժեշտությունը մեր երկրի վիճակն է։

Ինքն այնքան նվիրված է , ազնիվ, ոչինչ չի դիզել այս կյանքում, ոչ մեկին չի թալանել, ոչ մեկին չի սպանել, ունի այն, ինչ ունեցել է մինչև վարչապետ դառնալը։ Եթե որևէ մեկը կույր է, չի տեսնում, թող տեսնի»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում