Շենգավիթում հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտի տնօրենն է

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել

NEWS.am–ի տեղեկություններով՝ Շենգավիթում երեկ՝ օգոստոսի 25–ին հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտ ռեստորանի գլխավոր տնօրեն, 44–ամյա Գեւորգ Հովհաննիսյանն է: Նշենք, որ իրավապահները առգրավել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված պարկուճներ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։

Հնչած կրակոցների հետեւանքով մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել Սահակ Վարդանյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:

Կատարվում է քննություն։