Լռության օր է, ԲՀԿ -ից չեն արձագանքում ՔՊ քաղաքապետի թեկնածուի մեքենան հրկիզելու կապակցությամբ

Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, հաշվի առնելով, որ այսօր լռության օր է, չեն արձագանքում  Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական  թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու ավտոմեքենան հրկիզելու փաստին։
 «Ամեն ինչ շատ պարզ է ու ակնհայտ, բայց դրան կանդրադառնանք վաղը» ,- «Հրապարակին» հայտնեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ վաղը՝ հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, թե կատարվածը չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում.
«Զազրելի ոտնձգություն ընտանիքի և սեփականության նկատմամբ։
Վստահ եմ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։
Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա։
Հ.Գ. Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ»։