Նվազագույն աշխատավարձը շատ ցածր է, հիմքում չկա ոչ մի հաշվարկ

Չկա նվազագույն կենսաապահովման զամբյուղի կառուցվածք, հիմա քննարկվում է համահարթ հարկային համակարգ ներդնելը, որը ևս աշխատողների և տնտեսության շահից չի բխում. Անահիտ Ասատրյան

Տեղի է ունեցել հեղափոխություն, բայց աշխատանքային հարաբերությունները առաջին փուլում այդքան կարևորված չէր: Եկել է ժամանակը, որ աշխատանքային հարաբերությունները կարևորվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը: Նա նշեց մի քանի խնդիրներ, կապված աշխատանքային հարաբերությունների, աշխատավարձերի, և դրանցում առկա խնդիրների մասին:

«Մինիմալ աշխատավարձը իր հիմքում չունի հաշվարկ, և շատ ցածր է: Չկա նվազագույն կենսաապահովման զամբյուղի կառուցվածք: Հիմքում չկա ոչ մի հաշվարկ, դա օդից վերցրած թիվ է: Հիմա քննարկվում է համահարթ հարկային համակարգ ներդնելը, որը ևս աշխատողների և տնտեսության շահից չի բխում: Աշխատողները գտնում են, որ պետք է լինի նվազագույն շեմ, որը չի հարկվում ընդանրապես: Ու այսօր կառավարությունն էլ դեմ չի դրան: Հնարավոր չէ գնալ այդ քայլին, քանի որ բյուջեն մեծ կորուստ է ունենալու: Չկա աշխատանքի տեսչություն: Փաստորեն, չկա մարմին, որ հսկողություն իրականցնի աշխատանքային հարաբերությունների ոլորտում»,- ասաց Ասատրյանը և հավելեց, որ 2009 թվականից կնքվել է հանրապետական եռակողմ պայմանագիր՝ կառավարության, արհմիությունների և գործատուների միջև: Նա նշեց, որ դա առաջին փորձն էր աշխատանքային հարաբերություններ, և նմատաիպ խնդիր լուծելու ուղղությամբ, և ըստ նրա՝ այդ գործիքը այդքան արդյունավետ չի գործել: