Պահանջում են լավ ապագա ու ապահովված այսօր

Մայիսմեկյան երթ

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Աշխատանքի օրվա կապակցությամբ Երևանում երթ է անցկացնում։ Այս պահին թմբուկների հարվածների ուղեկցությամբ նրանք անցնում են Հյուսիսային պողոտայով։

Ինչպես հայտնեցին կազմակերպիչները, երթի նպատակն է հրապարակայնորեն ներկայացնել աշխատողների շահերը, բարձրաձայնել աշխատանքային հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի աշխատավորներին ողջ աշխարհի աշխատավորների շարժման մասը դարձնել։

«Ուժեղ արհմիություն, ուժեղ քաղաքացիական հասարակություն։ Մենք դուրս ենք եկել փողոց՝ մեր ձայնը միացնելու աշխարհի բոլոր աշխատողներին, որոնց իրավունքները խախտվում են։ Մենք ուզում ենք ունենալ լավ ապագա, ապահովված այսօր, բարեկեցիկ աշխատանք ու աշխատանքային լավ պայմաններ»,-ասաց ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։

Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «Ոչ արտագաղթին, գործազրկությանը, աղքատությանը», «արժամապատիվ աշխատանք, արժանապաըիվ կյանք, սոցիալական արդարություն», «Զբաղվածություն, աշխատանք», «Մարդը շահույթից վեր է» ու այլ գրություններով ցուցապաստառներ։

«Հայաստանում աշխատատեղեր չկան, չեն ստեղծվում։ Նույնիսկ այն մարդը, որ աշխատանք ունի, աշխատավարձը չի բավարարում իր ու ընտանիքի համար սնունդ գնել։ Մարդն, ով աշխատանք ունի, երաշխավորված չի, որ վաղն առանց աշխատանքի կմնա։ Աշխատանքի ընդունվելիս նույնիսկ կողմնապահություն է լինում։ Մարդիկ բողոքում են գործատուների հետ ունեցած հարաբերություններից, բողոքներն ավելի հաճախ ենք ստանում սպասարկման ոլորտի աշխատողներից»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը։

Արհմիությունների ներկայացուցիչները նկատեցին, որ աշխատողները տեղյակ չեն իրենց իրավունքներից, ինչի հետևանքով հաճախ են ոտնահարվում նրանց իրավունքները, երբեմն շահագործվում են։

Երթը մեկնարկել է Ավետիք Իսահակյանի արձանի մոտից՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածից ու շարունակվելու է Աբովյան փողոց-Թումանյան փողոց-Տերյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով, այնուհետև ժամը 13:00-ին միանալու է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) երթին և շարունակելու է ՀԱՄԿ-ի երթուղով։

Այն ավարտվելու է Հանրապետության Հրապարակի մոտ՝ ՀԱՄԿ-ի շենքին հարող տարածքում: