Կարելի՞ է բերանի մեջից մի կտոր միս հանել ու ասել` ռակ է

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը՝ սատկած վագրի մասին

Կենդանաբանական այգում կենդանիների անկումների դեպքերով 13 կետով քրեական գործեր կան հարուցված: Այս մասին, Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների եւ կենդանասերների բողոքի ակցիայի ժամանակ նշեց այգու նախկին աշխատակիցներից մեկը:

«Զեբրի դեպքով կար, որը տնօրենի դիմումով էր բացվել, մեր դիմումով կան գործեր հարուցված, բայց բոլորը մնացել են հարցականի տակ: Եղել է գայլերի միտումնավոր թունավորում, որն ապացուցված է: Այդ գործով էլ է հարուցված եղել քրեական գործ, բայց մեր իրավապահ մարմինները առաջընթաց չեն գրանցել, չգիտեմ ինչու, միգուցե դեռ զանգով են աշխատում, չեմ կարող ասել»:

Նրանք անդրադարձան նաեւ Վագրի անկմանը: «Պատճառը չեմ կարող ասել, եկել են երկու տարբեր երկրներից մասնագետներ: Մոսկվայի գլխավոր բժիշկը հայտարարեց, որ երկու էգ վագրերը հրաշալի վիճակում են, դրանից հետո գալիս են Լոնդոնից ինչ-որ անհայտ ծագում ունեցող մասնագետներ, ու պարզվում է երկրորդ վագրի բերանում կա նորագոյացություն՝ չարորակ բնույթի»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցը:

«Հիմա ձեզ հարց եմ տալիս. լինի կենդանի, թե մարդ, հնարավո՞ր է բերանի միջից ինչ-որ մսի կտոր հեռացնել, դա ցույց տալ, ասել, որ սա քաղցկեղ է այն դեպքում, երբ հայտարարություն է եղել, որ դա 100 տոկոսանոց առողջ կենդանի է»:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կենդանաբանական այգու տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, ուղիղ եթերում եւ նույնիսկ մանուկներին է ցուցադրել վագրի վիրահատությունը:

«Ասում է՝ սա Զատիկի մեծ նվեր կլինի մեր երեխաներին, փսիխիչեսկի նորմալ մարդու մասին եք խոսում», – հավելել է մեկ այլ նախկին աշխատակից:

«Ջամբո» ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Վարդանյանն էլ ասել է, որ ողջ-ողջ թաղվել են նաեւ 3 առյուծները: Իսկ խնդիրներ կան նաեւ ձիարշավարանում: