Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ

Մանրամասներ
աժ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ապրիլի 30-ին հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրերին, արժեւորել են մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը` նշելով, որ դրանք կարեւոր են երկրի կայուն զարգացման  եւ կյանքի որակի բարելավման տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Աննա Մկրտչյանի դիտարկմամբ ակտիվ չի ընթանում համաձայնագրի կիրարկման գործընթացը: Պատգամավորը, կարեւորելով ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության մարդասիրական խնդիրների լուծման հարցում ԵՄ օժանդակությունը, բարձրացրել է տեղահանվածների ինքնորոշման իրավունքի եւ վերջիններիս` իրենց բնակավայրեր վերադարձին առնչվող հարցերը:

Արթուր Խաչատրյանը եւ Արմեն Գեւորգյանն էլ խոսել են տարածաշրջանում առկա անվտանգային վիճակի մասին, անդրադարձել Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության հետ կապված խնդիրներին: