Թուրքիան տարածաշրջանում կփոխարինի ՌԴ-ին

Մանրամասներ
նիկոլ էրդողան

Արցախում 2020 թվականի պատերազմը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել Հարավային Կովկասում՝ Թուրքիայի դիրքերի առաջխաղացման առումով: Անկարան ամրապնդել է իր ներկայությունը տարածաշրջանում։ Մյուս կողմից, ինչպես նկատում ենք, Արևմուտքի կուրացիայի ներքո ակտիվացել է հայ-թուրքական մերձեցման գործընթացը, որը պետք է դիտարկել Արևմուտքի գլոբալ ծրագրերի պրիզմայի ներքո, այն է՝ Արևմուտքը իրագործում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու և Հարավային Կովկասի նայողի դերում Թուրքիային նշանակելու իր ծրագիրը:

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների թեմայով քննարկումներն ակտիվացել են Հայաստանի քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո: Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտ ձևավորել, իսկ դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսակետը տարածաշրջանի մասին։ Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանի համար թշնամական պետություն է, հայտարարել է, որ «մենք պետք է շտկումներ անենք մեր մոտեցումներում»: Սակայն, առաջ մղելով Արևմուտքի օրակարգը և փորձելով ՌԴ-ն տարածաշրջանում փոխարինել Թուրքիայով, ՀՀ իշխանություններն աչք են փակում դրանից բխող հնարավոր լուրջ վտանգների վրա: Եթե համառոտ նկարագրենք Անկարայի հավակնությունները Երևանի նկատմամբ, ապա դրանք հանգում են երեք հիմնական կետերի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելը, 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը (որով անցնում է այսօրվա սահմանը երկու պետությունների միջև) ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Ադրբեջանի դիրքորոշմանը համապատասխան: Արցախի հարցում Անկարան ու Բաքուն մասամբ հասան իրենց նպատակին, սակայն մյուս երկու խնդիրները Թուրքիայի համար լուծված չեն, ու ակնհայտ է, որ Անկարան հետագայում ևս կշարունակի ճնշում գործադրել այդ հարցերում, հատկապես, եթե նրա դիրքերը տարածաշրջանում ամրապնդվեն:

Իսկ ինչպե՞ս է Արևմուտքը պատկերացնում այդ գործընթացը: Օրեր առաջ եվրոպական խորհրդարանն իր ընդունած բանաձևում առաջարկել էր հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդների գործուղել: Պարզ է, որ այս ամենը տանում է ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելուն և այն սկզբում դիտորդներով, այնուհետև ՆԱՏՕ զինվորականներով փոխարինելուն: Իսկ ո՞ր երկիրն է տարածաշրջանում ներկայացնում ՆԱՏՕ-ն, ճիշտ է՝ Թուրքիան: Ստացվում է, որ ՀՀ դրեյֆը դեպի ՆԱՏՕ ոչ այլ ինչ է, քան դրեյֆ դեպի Թուրքիա: Տարածաշրջանի նայող նշանակվելուց և ռուսական գործոնի չեզոքացումից հետո Անկարային ոչինչ չի խանգարելու Ադրբեջանի հետ մեկտեղ իրագործել Մեծ Թուրանի ծրագիրը, որի բաղկացուցիչ մասն է կազմում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

Մյուս կողմից Արևմուտքը ցանկանում է ՌԴ–ի և նաև Իրանի փոխարեն Անկարային դարձնել ՀՀ հիմնական տնտեսական գործընկեր: Առաջին քայլն այս առումով արդեն արվել է: Նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ, սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական էքսպանսիայի առաջին փուլ, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ:

Ակնհայտ է, որ հայ-թուրքական մերձեցումից շահելու են միայն Արևմուտքը և Թուրքիան, իսկ Հայաստանը հայտնվելու է նոր անվտանգային և տնտեսական մարտահրավերների առջև: