Ինչո՞ւ է ամերիկյան դեսպանությունը ձեռք բերել սմարթֆոնների տվյալները վերծանող սարք

Նորագույն սարքերը նվիրաբերվել են ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 2016 թվականին պատվիրված սարքը, որ կարողանում է վերծանել նույնիսկ գաղտնաբառով պաշտպանված սմարթֆոնների մեջ եղած ինֆորմացիան, նախատեսված է եղել ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար, որին էլ ավելի ուշ տրամադրվել է։ Այս մասին հայտնի է դառնում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից։

2016 թվականի դեկտեմբերին բյուրոյի կայքում հրապարակվել է այդ սարքի մասին տեղեկատվություն։ Ըստ հրապարակման՝ դեռ 2016 թվականի հունիսին բյուրոն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ստացել է այդ սարքը, որը «բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է»։

«Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով իրականացվում են հետազոտական աշխատանքներ, ինչպես ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան որոշումների հիման վրա դատական փորձաքննությունների կատարման ժամանակ, այնպես էլ պայմանագրային հիմունքներով կատարվող փորձագիտական հետազոտական աշխատանքների ժամանակ», – նշվում է հաղորդագրության մեջ։