Խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված էր, մի քանի կարևոր կետ էր մնացել. Ալիևը փլուզեց. ՔՊ պատգամավոր. VIDEO 

Մանրամասներ
գևորգ պապոյան

Պատերազմի վտանգը մշտապես կա, այն չեզոքացնելու համար խաղաղության բանակցություններ ենք վարում, բանակցում ենք, որպեսզի պատերազմ չլինի, միջազգային գործընկերների հետ ենք բանակցում, ԵՄ դիտորդներ ենք հրավիրում, տնտեսությունն ենք զարգացնում, մեր անվտանգային միջավայրն ենք հզորացնում, բանակն ենք հզորացնում:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Այս ամեն ինչը որեւէ երկրի դեմ չեն, դրանք Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար են, նոր պատերազմը կանխարգելելու համար են, որովհետեւ ինչքան դու ուժեղ ես, այնքան քո վրա չեն հարձակվի: Դա Հայաստանի համար է»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, Պապոյանն ասաց. «Հսկայական առաջընթաց էր ձեռք բերվել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ: Պայմանագրի մեծ մասը համաձայնեցված էր, մի քանի կարեւոր կետ էր մնացել: Ըստ էության, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին էր, որ փլուզել էր այդ ամեն ինչը: Իմ տպավորությամբ, հիմա սկսում են այն կետից, որտեղ դանդաղել էին, ըստ էության, դադարեցվել էր քննարկումը, խոսակցությունը: Կարեւոր արձանագրում է, որ երկրների ղեկավարները հանձնարարեցին ԱԳ նախարարներին հանդիպել:  Սա կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը էական հարցեր էր առաջացնում մեզ համար, եւ Հայաստանը պարզաբանումների կարիք ուներ»:

Նրա խոսքով, եթե խաղաղության պայմանագիրն ունի, պայմանական 100 կետ եւ 99-ը համաձայնեցվել է, դա չի նշանակում, որ այդ 99 կետերը ենթակա են պարտադիր կատարման. «Քանի դեռ չի ստորագրվել, քանի դեռ երկրների ՍԴ-ները դա սահմանադրական չեն ճանաչել, խորհրդարանները չեն հաստատել, ոչ մի բան էլ համաձայնեցված չէ:

Եթե Ադրբեջանը չուզի խաղաղություն, չի էլ կնքի պայմանագիր, իսկ եթե կնքի, շատ ավելի դժվար է լինելու դա չպահպանելը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: