Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման. Հայկ Մամիջանյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ստիպված եմ խոսել այսօր ճեպազրույցի ժամանակ իմ ասածի վերաբերյալ, որից, իմիջիայլոց, հետ չեմ կանգնում եւ տեր եմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»: Սա լուրջ հակազդեցություն էր առաջ բերել ՔՊ-ական պատգամավորների շրջանում:

«Ասածից իմաստը այն էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը, որոշի կրակ բացել հայրենասերների վրա, ինչում կարծում եմ՝ ոչ մեկ չի կասկածում, ապա հայրենասերների մեջ նրանից վախեցող չկա:

Առհասարակ, եթե մի քիչ պատկերացնեք քաղաքական գործընթացները, կիմանաք, որ ցանկացած, մասնավորապես 2018 թվականին ընթացող իրադարձությունների անարյունության պատասխանատուն իշխանությունն է: Իշխանության խոհեմության արդյունքում է, որ 2018-ին բախումներ չեղան: Չնայած դուք դրան շատ էիք ձգտում, դրա համար արեցիք ամեն ինչ, ստեղծեցիք ատելության մթնոլորտ, սադրանքներ արեցիք, բայց դա չհաջողվեց:

Անարյունության մասին կպատմեք էջմիածինցի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքին, ով դանակահարվեց 2018ճ-ի ապրիլին ձեր կողմնակիցների կողմից: Կամ կպատմեք 2022-ի հունիսին մեր ընկերոջը, ով գլխի ծանր վնասվածք ստացավ, երբ կիրառվեցին հատուկ միջոցներ, կրակ բացվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, եւ անհրաժեշտ եղավ հատուկ բժշկական միջամտություն»,-ասաց Մամիջանյանը:

Նրա ելույթի ժամանակ անընդհատ տեղից ռեպլիկներ էին հնչում եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում էր լռություն պահպանել եւ չխանգարել ելույթ ունեցողին:

Մամիջանյանը նաեւ ասաց. «Առհասարակ ես կասկածանք անգամ չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման: Բայց ես մեծ կասկած ունեմ, այդ հրամանը կատարող կլինի, թե՞ ոչ: Ես գիտեմ, որ չի լինի: Դուք հարցնում էին՝ ո՞ւմ արյալմ, թեկուզ իմ արյան, ազատության հաշվին, խնդիր չկա: Դա ամենափոքր զոհողությունն է, որ կարելի է անել: Ես բունկեր չունեմ, արտերկրում բնակարան չունեմ, ցրա ցանկությունն էլ չունեմ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ելույթի վերջում Մամիջանյանը դիմեց ԱԺ պատգամավորներին, ասելով որ իր ասածների մասին մտածելու ժամանակ դուք դեռ ունեն. «Հիմա կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Նոյը չի, տապան չունի: Չեմ կարծում, որ այստեղ նստածներից բոլորդ են պատրաստ դառնալ անկախ Հայաստանի Հանրապետության վերջին գումարման Ազգային Ժողովի պատգամավոր: Մտածեք, դեռ ժամանակ կա, բայց շուտով, երբ կանչը հնչի, կլինի արդեն գործողությունների ժամանակը»,- ասել է նա: