Փաշինյանը չի ներում ռուսներին, որ Շուշին Շուշա դարձրին, բայց Ստեփանակերտը Խանքենդի՝ ոչ. Շարմազանով

Մանրամասներ

Հեռանալ Մոսկվայից նշանակում է մտերմանալ Անկարայի հետ. քաղաքական շահերի տեսանկյունից կատարյալ տգիտություն է արտաքին վեկտոր փոխելը։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե խաղաղապահները չլինեին Ստեփանակերտում, այն կլիներ Խանքենդի։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թուրքադրբեջանական հովանավորները չեն ներում ռուսներին, որ Շուշին Շուշա դարձրին, բայց Ստեփանակերտը Խանքենդի՝ ոչ։

Հայաստանի ապագան Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշնակցությունն է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում, որովհետեւ չեն դաշնակցում մեկի հետ, որն առավոտյան գնում է Վաշինգտոն, ցերեկը՝ Պրահա, երեկոյան՝ Մոսկվա։ Օգնում են նրան, ով ուզում է ծնկած վիճակից ոտքի կանգնել»- ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե Շուշին պետք է ազատագրել գործով, ոչ թե խոսքերով, Շարմազանովն ասաց, որ Շուշին ազատագրել են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հանձնել է։

«Հիմա Սասուն Միքայելյանն ո՞ւմ կողքին է։ Իրենք խոսում են դավաճանությունից, բայց Շուշին հանձնել են իրենք, երբ որ չեն համաձայնել Պուտինի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկին, երբ որ հասարակությանը բաժանել են սեւերի եւ սպիտակների, երբ որ կազմաքանդել են հայոց բանակը։

Քանի դեռ կա այս կապիտուլյանտ իշխանությունը, մենք խնդիր ունենք եղածը պահելու։ Ոչ մի լավ բանի պետք չէ սպասել իրենցից։ Ի՞նչ սպասել մեկից, որ ուղեղում միայն զիջելն է, ինքը զիջելու է մինչեւ իր աթոռը։ Կանգառը կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը հասկանա, որ փրկությունը Նիկոլից ազատվելու մեջ է»,- ընդգծեց նա։