Կան հայեր, որ Ուկրաինայում կամավոր մեկնում են ռազմաճակատ. արդեն 50-ից ավելի զոհ կա հայերի շրջանում

Մանրամասներ
ա

Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիևը հակահարված է տվել Մելիտոպոլում։ Ուկրաինական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը 10 անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն ևս հինգը հարվածել են էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մոտ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ավելի ուշ Մելիտոպոլի վտարանդի ուկրաինացի քաղաքապետը հայտարարել է, որ հարված է հասցվել Ռուսաստանի կողմից վերահսկվող քաղաքին։

Ուկրաինայի Օդեսա նավահանգստային քաղաքի վրա Ռուսաստանը հիմնականում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր է կիրառել, ասել են ուկրաինացի պաշտոնյաները: «Իրավիճակը Օդեսայի մարզում շատ ծանր է»,- իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով.  «Ցավոք սրտի, հարվածները կրիտիկական էին, ուստի էլեկտրաէներգիան վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Դա ոչ թե ժամեր է պահանջում, այլ մի քանի օր»:

Նշենք, որ հոկտեմբերից Մոսկվան հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների մեծ ալիքներով թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։

Այս առնչությամբ, Ուկրաինայի «Հայ տիկնանց միություն» կոմիտեի նախագահ և Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի տնօրեն  Աննա Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այսօր մեր ամենամեծ խնդիրը հոսանքի բացակայությունն է: Փորձում են արագ վերականգնել բոլոր վնասված էլեկտրական ենթակառուցվածքները, որոնք տուժում են հրաձգություններից: Դա ամբողջությամբ չի հաջողվում, որովհետև Օդեսան իր հերթին էլեկտրականության մի մասն արտահանում է Ուկրաինայի մյուս տարածաշրջաններ և Մոլդովա: Դրա համար այսօր Օդեսայում կա մեծ խնդիր հոսանքի հետ կապված: Որոշ չափով հոսանքը վերականգնել են, բայց ոչ ամբողջական:

Կոնկրետ Օդեսայի մեջ չեն խփում, հիմնականում հարվածում են Խերսոնի, Նիկոլաևի, Զապորոժիեի շրջաններին, իսկ մեզ մոտ խփում են ենթակառուցվածքներին: Դրա համար շատ ռեգիոններից մարդկանց բերել են Օդեսա: Մինչև ենթակառուցվածքներին խփելը Օդեսայում կյանքը որպես այդպիսին խաթարված չէր, վերջին 2-3 շաբաթներին իրավիճակը սրվեց»,-ասաց Աննա Գևորգյանը:

Նրա խոսքով, ինչպես Ուկրիանայի մյուս տարածաշրջանների մեծ մասում, Օդեսայում էլ շատ հայեր դուրս են եկել, հիմնականում մեծահասակներին, երեխաներին են դուրս բերել. «Տղամարդկանց մեծ մասը մնում է Օդեսայում, որովհետև չեն թողնում: 60 տարեկանից մեծերին, ինչպես նաև երեք և ավելի երեխա ունեցող տղամարդկանց են թույլ տալիս հեռանալ: Բավականին հայեր բացակայում են, բայց հուսանք, որ սա ժամանակավոր է»,- ասաց Աննա Գևորգյանը:

Հարցին, թե շա՞տ հայեր են մասնակցում պատերազմին, նա պատասխանեց. «Շատ չեն, բայց իհարկե, կան հայեր, որոնք կամավոր մեկնել են ռազմաճակատ ամբողջ Ուկրաինայով մեկ: Արդեն 50-ից ավելի զոհ կա հայերի շրջանում»:

Նրա խոսքով, երկրից դուրս եկած հայերի մեծ մասը կվերադառնա. «Բոլորն էլ հասկանում են, որ սա ժամանակավոր է և վերադառնալու են Ուկրաինա»: