Մարզպետն ունի իրավունք օգտվելու պարգևավճարից. Արթուր Ղազինյան

13-րդ աշխատավարձի վճարումը կայացած պրակտիկա է եւ նորույթ չէ Հայաստանի պետական կառավարման համակարգում

Մարզպետների կողմից մարզպետարանի աշխատակիցների պարգեւատրման փաստը քննադատելիս պետք է հաշվի առնել, որ 13-րդ աշխատավարձի վճարումը կայացած պրակտիկա է եւ նորույթ չէ Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։

«Մարզպետն ինքը հանդիսանում է մարզպետարանի աշխատող, որը կազմակերպում, ղեկավարում եւ համակարգում է մարզպետարանի աշխատանքները եւ ունի իրավունք օգտվելու պարգեւավճարից, որը նախատեսված է հատկացված բյուջեով եւ չի հակասում Հայաստանի օրենսդրությանը:

Իսկ համացանցում բարձրացված աղմուկը ես դիտարկում եմ որպես պարզունակ մանիպուլյացիա, որը նպատակ է հետապնդում վարկաբեկել ու հեղինակազրկել պետական հաստատություններն ու պաշտոնատար անձանց եւ առավել չքավոր բնակչության շրջանում նրանց նկատմամբ առաջացնել հակակրանք ու անվստահություն:

Իշխանությունն անփորձ է, չի պատկերացնում պետական կառավարման ամբողջ համակարգը եւ չունի համակարգային մոտեցում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հետեւաբար թույլ է տալիս մեծ թվով շատ ավելի լուրջ սխալներ` ինչպես գիտակցաբար, այնպես էլ անգիտակցաբար, որոնք պետք է բարձրաձայնել, քննադատել:

Բայց էժան դիվիդենտներ ստանալ պետական հաստատությունների արժեզրկման եւ հեղինակազրկման գնով ուղղակի անթույլատրելի է:

Մի արեք, պարզապես մի արեք: Դուք կհեղինակազրկեք ու կվարկաբեկեք, իսկ հետո մենք տարիներով չենք կարողանա բարձրացնել պետության եւ պետական ինստիտուտների հեղինակությունն ու վարկանիշը` առանց որի մենք չենք ունենա ուժեղ պետություն եւ ամուր պետականություն»: