Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներից Նարեկ Մալյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին»:
«Այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացանք իր դեմ տիկին Զ.Մեջլումյանի տված հաղորդմանը: Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք հաղորդման հեղինակը, ով հանդիսանում է նաև փաստաբան, չի նշել երեք հանցանքներից և ոչ մեկի կատարման վայրը, ժամանակը, հանգամանքները, եղանակը և այլն: Պարզապես նշված է, թե Ն.Մալյանը կատարել է այսինչ արարքները: Զարմանալի է նաև, որ հաղորդում ընդունած ոստիկանը չի փորձել մանրամասնել հաղորդումը կամ, միգուցե փորձել է, բայց դա նրան չի հաջողվել: Նույն հաջողությամբ կարելի է հաղորդում տալ յուրաքանչյուր անձի վերաբերյալ, մեղադրելով նրան ցանկացած անհեթեթ հանցանքի մեջ, օրինակ՝ ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության մեջ:
Այդ հաղորդման տեքստը համոզեց ինձ, որ մեր նախնական ենթադրությունը և պնդումը, որ այս ամենը ունի մեկ նպատակ՝ լռեցնել Ն.Մալյանին, իրականություն է: Զարմանալի է, որ լրագրող, իրավապաշտպան և փաստաբան անձը, երբ իրավիճակը խոսում է ոչ իր օգտին, մոռանում է խոսքի ազատությունը և արդարությունը պաշտպանելու իր երբեմնի առաքելությունը, իսկ խնդիրը իր օգտին լուծելու փորձ է կատարում՝ ոստիկանությանը բովանդակազուրկ հաղորդում ներկայացնելով: Էլ չեմ խոսում ակնհայտ սուտ մատնության հանցակազմի մասին»:
0Comments