Зри в корень կամ անհանգիստ շարժումներ Արցախի շուրջ

Ակնկալվում են ճկուն մարտավարական քայլեր՝ պարտություններ չարձանագրելու համար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուշագրավ հայտարարություն է արել իր վերջին մամուլի ասուլիսում՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանն աշխատում է Իրանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այստեղ շեշտադրվել է մի միտք՝ նախաձեռնությունը Ռուսաստանինն է: Եթե հանգամանորեն ու բազմակողմանի դիտարկենք աշխարհաքաղաքական գործընթացները, որ 2019-ից կարծես նոր թափ են հավաքում, ապա կարելի կլինի հեռուն գնացող մի շարք հետևություններ անել մեր շուրջը և մեր երկրում կատարվող՝ երևակվող ու դեռևս աներևույթ պրոցեսների մասին:

Այսպես, ուրվագծվում է ֆորմատ, ըստ որի սերտանում են հարաբերություններն Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև: Դրա մասին են փաստում ևս երկու իրադարձություն, որ տեղի ունեցան երեկ. Մամեդյարով-Մնացականյան հանդիպման արդյունքներով Լավրովի հնչեցրած տեսակետներն ու Իրանի ԳՇ պետի՝ ընդգծված բարեկամական այցելությունն Ադրբեջան:

Երկու դեպքում էլ մեր հարևանին առանձնահատուկ վերաբերմունքի արժանացրին, մասնավորապես՝ Լավրովը հույս հայտնեց, որ վերջապես հնարավոր կլինի օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը «ձգձգվածի գծեր Է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա Է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի առկայության դեպքում»: Եվ սա հայտարարվեց եռակողմ գագաթնաժողովի մասին բարձրաձայնված նախաձեռնության ֆոնին: Միաժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Բաքվում հյուրընկալվելով Իլհամ Ալիևին, շտապեց հայտարարել, որ «Իրանը միշտ Ադրբեջանի կողքին է և համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական, սատարում է և հետայսու էլ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Պատահակա՞ն հանընկում էր այն, որ Մոհամադ Բաղերիի այս պատրաստակամ հայտարարությունը հնչեց Ազգային Ժողովի նորաթուխ պատգամավորի հայտնի հայտարարությունից անմիջապես հետո, ցույց կտան արագընթաց զարգացող իրադարձությունները, սակայն կյանքը սովորաբար ապացուցում է, որ քաղաքականության մեջ պատահականություններ գրեթե չեն լինում:

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն այդ առիթով տեսակետ է արտահայտել. «Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր, այլ անուղղակիորեն արտահայտում էր այսօրվա իշխանությունների իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան, իսկ հրապարակային քաղաքականության մեջ իշխանություններն ուղղակի չեն նկատում Հայաստանի համար գերկարեւոր այս բարեկամին ու գործընկերոջը։ Եթե սրան հավելենք նաեւ Փաշինյանի՝ «Իրանի հետ սահմանը փակվելու» վերաբերյալ անզգույշ հայտարարությունը, ապա կարելի է գտնել Հայաստանի նոր իշխանությունների իրական վերաբերմունքն Իրանի նկատմամբ»։

Ինչևէ, գուցե իրավիճակն այնքա՞ն էլ փխրուն չէ, ու Հայաստանն իր նոր իշխանությամբ կարող է ճիշտ քաղաքական քայլերով պահպանել բարենպաստ մթնոլորտը մեր շուրջը՝ զուգընթաց, իր և Արցախի համար չառաջացնելով հավելյալ ռիսկեր և արդյունավետ սպասարկելով մեր շահերը միջազգային խաղացողների հետ բարդ փոխհարաբերություներում:

Այդ հարցում, թերևս, դրական սպասելիքների տեղիք է տալիս Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ ներդրումային նոր ծրագիրը, որով Հայաստանի հա­մար խոշոր հատկացում է նախատեսված: Խոսքը 700 մի­լիոն եվրոյի մասին է, որն ուղղվելու է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը, Մեղրիի սահմանային անցակետի ու Հայաստան-Վրաստան միջ­պետական ճանապարհների արդիականացմանը: Ընդհանուր հատկացումը, որ տրվելու է Արևելյան գործընկերության ԵՄ ծրագրի մաս­նակից վեց պետություններին, կազմելու է 13 միլիարդ եվրո՝ 11 տարվա համար:

Խոսքը, փաստորեն, Հայաստանի տարածքով Իրանից-Վրաստան ենթակառուցվածքների արդիականացման եվրոպական ծրագրի կամ, ավելի կոնկրետ, ԵՄ-ՀԲ համատեղ ծրագրի մասին է, ինչն ուշագրավ աշխարհաքաղաքական և աշխարհատնտե­սական իմաստ է պարունակում:

Կրկին փաստենք, որ քաղաքականությունը պատահականություններից հեռու արվեստ է, ու հասկանանք՝ որքանո՞վ է պատրաստ նոր իշխանությունն այս հնարավորությունը լավագույնս ծառայեցնելու մեր պետության շահերին: Սա ասում ենք որոշակի մտավախությամբ, քանի որ բոլորիս հիշողության մեջ դեռևս թարմ են Փաշինյանի՝ պաշտոնամուտին հաջորդած այցը Եվրոպա ու հայտնի մեսիջները, նաև մտահոգում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերն ու հեռանկարը:

Արդյո՞ք գործընթաց է սկսվել Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորման ուղղությամբ, և սրանով էր պայմանավորված վարչապետ նշանակվելուց հետո Փաշինյանի հապշտապ այցն ու ոչ ֆորմալ հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ: Հուսանք, որ մեր երկրի շահերի սպասարկման ուղղությամբ իրականացվող քայլերի ականատեսն ենք դառնում: Այդ դեպքում պետք է ականատեսը դառնանք նաև իրանական ուղղությամբ հստակ ռազմավարական քայլերի դրսևորման, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի տեսքով: Միաժամանակ իշխանությունը պետք է առավելագույն հետևողականություն դրսևորի մեր կարևորագույն հարևան պետության նկատմամբ՝ թեկուզ և ԱԺ իշխանական պատգամավորի մակարդակով հնչեցվող գնահատականների առումով:

Եվ այսպես, ուրվագծվում են տարածաշրջանային երկու ուղղություններ՝ Իրան-Հայաստան-Վրաստան և Իրան-Ադրբեջան-ՌԴ: Հայաստանի նոր իշխանության վարած արտաքին քաղաքականությունից ակնկալվում են ճկուն մարտավարական քայլեր՝ բարդ աշխարհաքաղաքական դրսևորումներում հստակ կողմնորոշվելու ու պարտություններ չարձանագրելու համար:

Իսկ իրավիճակն, իրոք, բարդ է՝ պայմանավորված Արցախյան հակամարտությամբ ու դրա շուրջ ընթացող զարգացումներով, որոնց վերաբերյալ տեսակետներ են հնչում թե փորձագիտական, թե քաղաքական շրջանակներից: Վարչապետից եւ ԱԳ նախարարից պարզաբանում է ակնկալում Արմեն Աշոտյանը՝ փորձելով հստակեցնել, թե կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել հանդիպումը, ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։

Նախկին իշխանության ներկայացուցչի մտավախություններն ակնհայտորեն կիսում է ևս մեկ քաղաքական ուժ, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում նույնպես դուրս է դրվել գործընթացներից ու վերադասավորումների փուլ է անցնում: Խոսքը Դաշնակցության մասին է, որն իր Ընդհանուր ժողովն անցկացնում է Արցախում՝ ակնհայտորեն դրանով իսկ որոշակի մեսիջներ ուղղելով իշխանությանն ու հանրությանը: Ժողովում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ևս, սուր քննադատության ենթարկելով Հայաստանի նոր իշխանությանը նշել էր.

«Արտաքին քաղաքականության մեր ձախողումները, ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա, մեղմ ասած, դժվարությունները ուղղակիորեն առնչվում են մեր անվտանգությանն ու Արցախի պայքարին: Շրջանառության մեջ են դրվել «տարածքներ խաղաղության դիմաց», «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւեր, խոսվում է, թե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է, թե Արցախում իշխանափոխություն պիտի տեղի ունենա։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրությունը, որը հաստատվել է ժողովրդական հանրաքվեով: Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշվի նստո՞ւմ է պաշտոնական Երեւանը, թե՞ ամեն ինչ նորովի պետք լինի ու քննելի: Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է ու վերջ»,-եզրափակել է Մարգարյանը:

Այսպիսով, Արցախի շուրջ անհանգիստ է, տարածաշրջանում սրվել է մեծ շահերի մրցավազքը, Արեւմուտք-Թուրքիա-Ադրբեջան եւ ՌԴ-ՀՀ-Իրան ռազմաքաղաքական հատման կետում գոյատևող փոքրամարմին Հայաստանը պարզապես պարտավոր է հավասարակշռված ու չափազանց նպատակային մարտավարությամբ առաջնորդվել, հատկապես երկու խիստ ռազմավարական երկրների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ փոխհարաբերություններում: Կան հարցեր, որոնց առանցքային բնույթը ներողամտության կամ նահանջի հնարավորություն չի թողնում, ոչ նախորդ, ոչ ներկա, ոչ էլ ապագա սերունդների համար: Արցախյան հիմնահարցը հենց այդ հարցն է, որի առավելագույն հայամետ սպասարկման դիրքերից ցանկացած շեղում միշտ ու աներկբա չի ներվելու ցանկացած իշխանության ու պաշտոնյայի՝ անկախ վայելած ժողովրդականության չափից: Արցախի հարցում արդարացումները չեն գործել ու չեն գործելու: