Մոդրիչը` բալկանյան լավագույն մարզիկ

Քվերակությանը մասնակցել են տարբեր երկրների լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ

«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Բուլղարիայի լրատվական գործակալության վարկածով ճանաչվել է 2018 թվականի` բալկանյան լավագույն մարզիկ:

Ինչպես հայտնում է AP-ն, երկրորդ տեղում «Ուիմբլդոնի» և US Open-ի չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ երրորդ տեղում` «Ռոլան Գարոսի» հաղթող Սիմոնա Հալեպը:

Քվերակությանը մասնակցել են Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Ռումինիայի, Սերբիայի, ինչպես նաև Թուրքիայի լրատվական գործակալությունների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Մոդրիչը 2018 թվականի արդյունքներով ստացել է նաև «Ոսկե Գնդակը»: Խորվաթ ֆուտբոլիստի համար այն դարձել է առաջինը: Այս տարի կիսապաշտպանը «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ Խորվաթիայի հավաքականի կազմում հասել է մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ իր թիմը պարտվել է ֆրանսիացիներին 2:4 հաշվով:

33-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել էր նաև ՈՒԵՖԱ-ի` նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի` 2017/18 խաղարկության լավագույն կիսապաշտպան, ինչպես նաև ՖԻՖԱ-ի վարկածով` 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ: