Գործելու են գազի սակագնի այն պայմանները, որոնք այժմ առկա են

Քանի դեռ բանակցություններն ընթանում են

Քանի դեռ բանակցություններն ընթանում են, գործելու են գազի սակագնի այն պայմանները, որոնք այժմ առկա են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Նշենք, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը բանակցություններ է վարում «Գազպրոմ» ընկերության և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Տիգրան Ավինյանի ենթակայության տակ գտնվող կառույց է:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա. «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով»,- ասել էր Ն. Փաշինյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն էլ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր. «Գազի գինը, կարծում եմ, չի բարձրանա: Բանակցությունների արդյունքում պարզ կլինի, կձևավորվի գին սահմանին, հետո արդեն՝ սպառողների համար»: