Ի՞նչ է քաղաքապետարանը նախատեսում օտարել 2019-ին

Նախագծով նախատեսվում է սահմանել հողամասերի վարձակալության վարձավճարներ բջջային կայանով

Երևանի ավագանու ընթացող նիստում միաձայն ընդունվեց  Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2019 թվականի ծրագրի վերաբերյալ հարցը։

Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ  Արսեն Ամյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների ծրագրերի, այս նախագծով նախատեսվում է սահմանել հողամասերի վարձակալության վարձավճարներ բջջային կայանով, ալեհավաքով, բանկոմատով, տերմինալով, ծաղիկների վաճառքի կետով, սառնարաններով և դիսպենսերներով զբաղեցված հողամասերի համար, ինչպես նաև կառուցապատման իրավունքով տրամադրման վճար՝ բջջային կայանով, ալեհավաքով, բանկոմատով զբաղեցրած հողամասերի համար:

Նախագծով  սահմանվել է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված և համայնքի ղեկավարի որոշման հիման վրա օրինական ճանաչված ավտոտնակները վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձավճարի չափը:

Նշվեց, որ 2019 թվականի ընթացքում  գույքի օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու, հավատարմագրային կառավարման հանձնելու և օտարման հիմնական նպատակներից են վերաբնակեցնել վթարային քանդման ենթակա շենքերում ապրող,  սեփական բնակարան չունեցող  6 և ավելի երեխաներ ունեցող  ընտանիքներին։

Ֆինանսավարկային, տնտեսական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մնացականյանն ասաց, նախագիծը քննարկվել է, որոշվել է տալ դրական եզրակացություն։

Օտարման ենթակա գույքին կարելի է ծանոթանալ հրապարակված նախագծում։