Մարդը ձեռ ա առնում ընդդիմությանը եւ սպասում է, որ մյուսները ծափ տան ու մյուսները ծափ են տալիս

Անհանդուրժող ելույթ էր ընդհանրապես քննադատությանը եւ ընդդիմություն տեսնելու, երկրում ընդդիմություն ունենալուն

Եթե ապագայում էլ է ԱԺ-ում քննարկումներն այս մակարդակով լինելու, ուրեմն մենք խայտառակ վիճակում ենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը շատ անհանդուրժող էր եւ ուղղված էր իրեն ու իր խմբակցության պատգամավորներին: «Անհանդուրժող ելույթ էր ընդհանրապես քննադատությանը եւ ընդդիմություն տեսնելու, երկրում ընդդիմություն ունենալուն: Ընդդիմության առկայության նկատմամբ տոտալ անհանդուրժողականություն է, որը խրախուսվեց նաեւ վարչապետի ելույթում: Ինքը խրախուսեց այդ ոճը, նաեւ մյուսներին, որ այդ ոճը պահպանեն: Բայց խորհրդարանն այն վայրն է, որտեղ սթափեցնում են, ես վստահ եմ, որ կսթափվեն ու կհասկանան, որ սա այն տեղը չի, որ ինչ-որ մեկը կարողանա մեզ ասել՝ մյուս անգամ մեզ սա չասես, կամ էն չասեք: Մեզ ոչ ոք չի կարող ասել»,-ընդգծեց Մարուքյանը:

«Այսինքն ի՞նչ, Փաշինյանն ուզում էր մենք էլ ծափ տանք հա՞ անընդհատ: Գիտեք, Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն 3 րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին։ Մարդը ձեռ ա առնում ընդդիմությանը եւ սպասում է, որ մյուսները ծափ տան ու մյուսները ծափ են տալիս: Հետո ասում է՝ եթե ինչ-որ մեկը վիրավորվել է, կներեք, ու շարունակում է ձեռ առնել: Գիտեք, սա մանկապարտեզ չի, ոչ մեկին թույլ չենք տալու իրեն այդ ձեւով պահել, ու եթե չեն հասկացել, դրա համար ասացի՝ բարի գալուստ խորհրդարան»,-ասաց նա։