Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. կկայանա սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստը

Մանրամասներ

1

Բրյուսելում նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը:

Լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում հանձնաժողովների նիստ անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քառակողմ հանդիպման ժամանակ:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստ անցկացնել: