Ուկրաինայի ու Իսրայելի բանակցությունները խափանվել են

Մանրամասներ
ա

Երկուշաբթի նախատեսված էր Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի և Ուկրաինայի իր գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազրույցը, որը չեղարկվել է։ Այս մասին, ըստ Լրագրի, հայտնում է իսրայելական Haaretz թերթը՝ վկայակոչելով Իսրայելի եւ Ուկրաինայի կառավարությունների աղբյուրները։

Թերթը գրում է, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Իսրայելը մերժել է Ուկրաինայի նախարարի զրույցի խնդրանքը։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ բանակցություններն իրականում նախաձեռնել է իսրայելական կողմը, և դա արվել է մի քանի օր առաջ:

Թերթը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախատեսված հեռախոսազրույցի օրը Մոսկվան ի դեմս Դմիտրի Մեդվեդևի, վրդովված էր Ուկրաինային զենք մատակարարելու Իսրայելի մտադրություններից և զգուշացրել էր, որ նման քայլը կվնասի Երուսաղեմի և Մոսկվայի միջև կապերին։ Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ Մեդվեդևի հայտարարության պատճառը Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Նաչման Շայայի վերջին հայտարարությունն էր, որը կոչ է արել իր երկրին ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Ըստ Haaretz-ի՝ Իսրայելի եւ Ուկրաինայի միջեւ համակարգում հաստատելու փորձերը սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Գանցի մերձավոր շրջապատը հայտարարել է, որ բանակցությունները կարևոր են Իսրայելի պաշտպանության նախարարի համար, և որ նա մտադիր է մի քանի օրվա ընթացքում զրուցել Ռեզնիկովի հետ: Ուկրաինայի պաշտոնյաները հույս են հայտնել, որ ծրագրված զրույցը կկենտրոնանա ռազմական համագործակցության հնարավորության վրա։

Թերթը գրում է, որ Գանցն ու Ռեզնիկովը վերջին անգամ խոսել են ապրիլին։ Միաժամանակ, ուկրաինական աղբյուրը հայտնել է, որ հաջորդ զրույցը նախատեսված էր օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անկախության օրը, սակայն դրանից հետո հինգ անգամ հետաձգվել է։ Աղբյուրն ընդգծել է, որ երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցը նախաձեռնել է Իսրայելը, որը չեղարկել է այն նախատեսված ժամից մի քանի ժամ առաջ։

Իսրայելի պաշտոնյաները հերքել են այս տեղեկությունը։ Իսրայելի պաշտպանության նախարարի գրասենյակը հայտարարել է, որ հիմնականում չի մեկնաբանում Գանցի ժամանակացույցը:

Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նա ոչինչ չգիտի երկուշաբթի կամ մեկ այլ օր նախատեսված նախարարների զրույցի մասին։