Հայաստանում դեռ գործակալական ցանցերի հետ ունեցած խնդիրները չենք լուծել

Մանրամասներ

1

Շատ կարեւոր է, որ հատկապես ուշադրություն դարձնենք, որ ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարելու  ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով  կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անցանց էմոցիոնալ վիճակից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դեպքեր ենք ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, այդ գործերով ինտենսիվ քննություն է գնում, դատական գործեր կան: Որեւէ անձի որեւէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել: Որտեղ որեւէ մեկը օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ արագ եւ ամենակոշտ ձեւերով զգա: Որովհետեւ եկեք արձանագրենք, որ սա պետական անվտանգության հարց է եւ չենք պատրաստվում այստեղ որեւէ կոմպրոմիսի գնալ»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ կարեւորեց տեղեկատվական անվտանգության ապահովումը. «Մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկատվություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկտմամբ: Այստեղ էլ՝ ժողովրդավարությունը ժողովրդավարություն, խոսքի ազատությունն էլ հասկացանք, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել: Այստեղ էլ մենք ակնկալում ենք, որ մեր  իրավապահ համակարգը, ԱԱԾ-ն շատ կոնկրետ մեթոդներ եւ միջոցներ ձեռնարկի, այդ թվում հայտնաբերելով համագործակցող անձանց, որովհետեւ դա, ըստ էության, գործակալական ցանց է Հայաստանում»,-ասաց նա:

Նշելով, որ ՀՀ ԱԱԾ-ն շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում դեռ գործակալական  ցանցերի հետ ունեցած խնդիրները չեն լուծել և պետք է շարունակեն այդ ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնել: