Ալիեւն Արցախում «հատուկ օպերացիա՞» է սկսելու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած պարբերականն ակնարկել է Արցախում «հատուկ օպերացիայի» մասին։

«Ինչպե՞ս կարող է Ադրբեջանն ազատվել Ղարաբաղում հայկական զինված կազմավորումներից» ոչ երկիմաստ վերնագրով հոդվածում երկար թվարկումներից հետո, թե Հայաստանն իբր ինչ պետք է անի, հեղինակներն իրենք իրենց հարց են տալիս. «Արդյունքում գնալով ավելի հրատապ է դառնում հարցը, թե ի՞նչ պետք է անի Ադրբեջանը ստեղծված իրավիճակում։ Եւ որ ամենակարեւորն է՝ որքա՞ն Բաքուն պետք է հանդուրժի անօրինական զինված խմբավորումների ու հայ զինծառայողների ներկայությունն իր տարածքում»։ «Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հրահանգել է խստորեն ճնշել ցանկացած սադրանք ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տարածքներում։

Ինչից հետեւում է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հատուկ օպերացիա իրականացնել՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում գործող անօրինական հայկական կազմավորումների ամբողջական չեզոքացման համար։ Եթե ​​Հայաստանը շարունակի դիմել հետաձգման մարտավարությանը եւ չկատարի զինաթափման եւ Խանքենդիում անջատողական ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս գալու իր պարտավորությունները, Ադրբեջանն ունի բոլոր հնարավորություններն ու համապատասխան միջոցները՝ ամենակարճ ժամկետում հատուկ օպերացիայի իրականացման համար»:

Գործողությունների մասին նման հայտարարությունն առնվազն տարօրինակ է թվում, ավելի շուտ՝ խոսքը «կեղծ հարձակման» փորձի մասին է՝ հակառակորդին վախեցնելու հույսով։