Թուրքերին պետք է անընդհատ անազատության մե՞ջ պահել, իհարկե ոչ․ Ֆիդանյանը՝ Վեդիի միջադեպի մասին

Մանրամասներ

Վեդիում միջադեպ է տեղի ունեցել, մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնենք, ստուգումներ են իրականացվում, պարզում ենք՝ ով ով է, նույնականացում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք։ Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Վեդիում թուրքրերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

«Ոստիկանությանը տեղեկացրել են, որ տեղի է ունենում միջադեպ, քաշքշուկ, որին արձագանքել է ոստիկանությունը և ներկայումս իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- ասաց Ֆիդանյանը՝ միաժամանակ նշելով, որ միջադեպի մասնակիցների ազգային պատկանելության վերաբերյալ դեռևս ճշտումներ են իրականացվում։

Հարցին՝ ձերբակալված թուրքերին ազատ արձակելուց հետո մտավախություններ չկան, որ միջադեպը կարող է կրկնվել, Ֆիդանյանն ասաց․

«Մտավախությունններ կան, բնականաբար, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն։ Եթե մտավախություններ կան, ապա պետք է այդ անձինք անընդհատ գտնվեն անազատության մե՞ջ, իհարկե՝ ոչ, եթե չկան իրավական հիմքեր, այդ անձինք պետք է ազատ արձակվեն անհապաղ, հետևաբար այլ միջոցառումներ և մոտեցումներ են պետք, որոնք մշակվում են»,- ասաց Արա Ֆիդանյանը։