Ամերիկյան հետախուզությունը մռայլ հեռանկարներ է կանխատեսել՝ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ

Մանրամասներ
ա

Ամերիկյան հետախուզությունը գլոբալ մռայլ հեռանկարներ է կանխատեսել՝ Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի՝ սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցում, հաղորդում է Bloomberg-ը։

Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ Իրանը կշարունակի սպառնալ ԱՄՆ-ի շահերին՝ ձգտելով խոչընդոտել ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում: Միաժամանակ, ըստ հետախուզության գնահատականների՝ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ մշակել բալիստիկ հրթիռներ։

Տարեկան գնահատականը ներկայացնում է երկրի 17 հետախուզական ծառայությունների կոնսենսուսը Միացյալ Նահանգների առջեւ ծառացած հիմնական սպառնալիքների վերաբերյալ եւ օգտագործվում է օրենսդիրների եւ քաղաքական գործիչների կողմից։

Այնուամենայնիվ, գնահատականը հնացել է, քանի որ այն գրվել է անցյալ ամիս Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց առաջ եւ հիմնված է հունվարի 21-ի դրությամբ առկա տեղեկատվության վրա:

Այդուհանդերձ, զեկույցը նախազգուշացնում է, որ «Ռուսաստանը մտադիր է կարճաժամկետ հեռանկարում գերիշխել Ուկրաինայում եւ այլ երկրներում՝ չցանկանալով ուղղակի հակամարտություն ԱՄՆ-ի ուժերի հետ»։

Մյուս կողմից, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը «կձգտի ճնշում գործադրել՝ Թայվանը միավորելու համար, խաթարել ԱՄՆ-ի ազդեցությունը, սեպ խրել Վաշինգտոնի եւ նրա գործընկերների միջեւ եւ ամրապնդել որոշ նորմեր, որոնք նպաստում են նրա ավտորիտար համակարգին», ասվում է փաստաթղթում։