ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ նիստ է նախաձեռնել Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցով

Մանրամասներ
ա

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ կապված Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության հետ։ Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մարտի 11-ին հանդիպում է նախաձեռնել՝ «Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական գործունեությունը քննարկելու համար»։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայում Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում գործում է 30 կենսաբանական լաբորատորիա, որոնք աշխատում են վտանգավոր վարակների հարուցիչներով։

Նշվել է, որ չվող թռչունների միջոցով վարակների փոխանցման վերաբերյալ ուկրաինական կենսաբանական լաբորատորիաներում ԱՄՆ նախագծի ֆինանսավորման չափը կազմել է 1,6 մլն դոլար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։

Ինչպես նշված է փաստաթղթերում, նախագիծն իրականացվել է 2018-2020 թթ.:

Միաժամանակ 1,3 մլն դոլար է հատկացվել չղջիկների կողմից տարածվող հարուցիչների սպեկտրի ուսումնասիրության նախագծի իրականացման համար։ Դրանում ներգրավված են եղել ավելի քան 60 գիտնականներ ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Վրաստանից։