Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին։ Այս մասին կիրակի հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Միջգերատեսչական պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ։ Ռուսական դիվանագիտական ծառայության կողմից այն գլխավորում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկյան դիվանագիտությունը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
Բանակցությունների հիմնական օրը նախատեսված է երկուշաբթի՝ հունվարի 10-ին։ Բայց, ինչպես և սպասվում էր, կողմերն այսօր երեկոյան կանցկացնեն հանդիպման «նախնական» մասը։
Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։
Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:
«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,-ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
Ռուսական պատվիրակությունն արդեն Ժնևում է, որտեղ մեկնարկում են ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները
Մանրամասներ
0Comments