Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Մանրամասներ

1

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց   Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով   զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին: 

Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը: 

ՌԴ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր գնահատեց  տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: 

Սերգեյ Կոպիրկինը  խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում   համարեց տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտեց բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը: 

Կողմերը քննարկեցին նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր: