Թշնամին սրանով չի սահմանափակվելու․ Թուրքի հետ գործ ունենք

Մանրամասներ

1

Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքով՝  բարձրավանցիներն արդեն վերադարձել են բնականոն կյանքին:

Օգոստոսի 25-27-ը թշնամին փակել էր Գորիս-Կապան, այնուհետև՝ Գորիս-Որոտան ճանապարհը, և գյուղը հայտնվել էր շրջափակման մեջ։

«Այդ երկու օրը, երբ ճանապարհը փակ էր, բնակչության շրջանում մտահոգություններ կային, խուճապ չկար, բայց մտահոգ էին։ Այս պահին զբաղվում ենք այլընտրանքային ճանապարհներով, որպեսզի հաջորդ անգամ նման խնդիրներ չառաջանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Օնիկ Ավագյանը։

Ըստ նրա, հաշվի առնելով 90-ականների միջադեպերը և դեկտեմբերին Սյունիքում թշնամու հայտնվելը, միշտ էլ ունեցել է մտավախություններ, որ մի օր թշնամին այդ ճանապարհը կփակի։

«Հիմա էլ ունեմ մտավախություն, թշնամին սրանով չի սահմանափակվելու, մտահոգություն կա, որ հետագայում էլ նույնը կրկնվի։ Ես չգիտեմ, ամեն դեպքում մենք գործ ունենք թուրքի հետ, որն անկանխատեսելի է, ու ամեն ինչ նրանից սպասելի է»,- հավելեց Բարձրավանի գյուղապետը։

Ինչ վերաբերում է  այլընտրանքային ճանապարհին, Օնիկ Ավագյանը տեղեկացրեց, որ այդ ճանապարհը տանելու է դեպի  իրենց համայնքներ՝ Շուռնուխ-Որոտան-Բարձրավան, ապա այն անվտանգ է լինելու, քանի որ այն դառնալու է թիկունքի ճանապարհ, այն կմիանա Կապան-Գորիս-Տաթևին։

«Համեմատած նախորդ ճանապարհին, այս այլընտրանքային ճանապարհը երկու անգամից ավելի երկարում է»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։