Հայաստանը որբի գլուխ չի, ու Նիկոլը չպետք է վարսավիրություն սովորի որբի գլխի վրա

Մանրամասներ

ա

Շատ փորձագետներ, այդ թվում ես՝ պարբերաբար զգուշացնում էինք, որ ադրբեջանական զինվորականների վերահսկողությունը այդ ճանապարհների վրա շատ վատ հետևանքներ է ունենալու, այդ թվում նաև հայ-իրանական հարաբերություններում։ Սա շատ ուժեղ լծակ է ադրբեջանցիների ձեռքում և Ադրբեջանը այն օգտագործում է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։

Անդրադառնալով կառավարության նիստում Նոր Առաջաձոր և Որոտան համայնքների ադրբեջաներեն անունների օգտագործմանը՝ նա նշեց, որ կարծում է, որ այն տեքստը, որ կարդաց Նիկոլ Փաշինյանը, գրված չէ Հայաստանում։

«Վստահ եմ, որ ոչ Նիկոլ Փաշինյւանը, ոչ Նիկոլ Փաշինյանի շրջապատում չկա մեկը, որը այդ գյուղերի ադրբեջանական անուններն իմանա, ինքն էլ հազիվ էր կարդում։ Հետևաբար, այդ տեքստը ռուսների միջնորդությամբ փոխանցել են ադրբեջանցիները։ Այսինքն, օգտագործելով լծակը՝ իրենք քայլ առ քայլ պոկելով գնում են, էսօր մի քանի օրով կբացեն, վաղը էլի մի դանակահարություն, կամ որևէ այլ բան կկազմակերպեն ու էլի կփակեն, Էլ չեմ ասում, որ երբ որևէ մեկը այդ «անվտանգ» ճանապարհով անցնելիս տեսնում է ադրբեջանցիներին՝ իրեն չի կարող անվտանգ զգալ, քանի որ ի՞նչ գիտի՝ ո՞ր պահին իր մտքով ինչ կանցնի, որ մեքենան կկանգնեցնի և որ մեքենայի միջի ուղևորներին կքշեն՝ կտանեն Ադրբեջան։ Դա ձև չէ։ Սկզբունքորեն, այդ սահմանազատումն ու սահմանագծումը սխալ է ու դրա մասին բազմիցս ենք նշել մինչև չհստակեցվի այն իրավական հիմքը, որի հիման վրա 2 պետությունները պետք է որոշեն միջպետական սահմանները, մնացած մանրամասները անհիմն են։ Ավելին, անհիմն են ու հակասահմանադրական։ Հիմա, եթե իրենք կարողացան մեզանից կորզել մի բան, ապա սպասենք, որ էլի կլինի նման բաներ»։

Նա ընդգծեց, որ հիմա արդեն անկլավների հարցն է շրջանառվում, չմոռանանք, որ Տավուշում ռուս զինվորականներն արդեն սկսել են չափումները։

«Հետևաբար, իրենք կարող են ամեն ինչ ուզել, օրինակ, միջանցքը, միջանցքի նկատմամբ սուվերեն իրավունք կարող են ուզել։ Ակնհայտ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է մի օրակարգից, իբր տարածաշրջանում հաղորդակցական միջոցների ապաշրջափակման մասին, իսկ Անկարան ու Բաքուն բնավ նման ցանկություն չունեն և Մոսկվան ևս մենք չենք տեսնում, որ պաշտպանի մեզ, առավելագույնը, չեզոք վիճակի մեջ է։ Այսինքն, իրենք ուզում են, որ իրենց համար բացվի ճանապարհը ու անգամ դե-յուրե մեզ համար չեն ուզում բացել ճանապարհը։ Ինչի եմ ասում՝ «դե յուրե», որովհետև իրենք կարող են «դե յուրե» մեզ համար բացել, բայց «դե ֆակտո» չթողնեն, որ անցնենք։ Եթե մենք չենք կարողանում այդ 21 կմ-ն ապահովել մեր քաղաքացիների համար, ինչպե՞ս կարող ենք Ադրբեջանի մի քանի 100 կմ-ի վրա անվտանգություն և անխափանություն ապահովենք։ Ի՞նչ երաշխիք կա, որ էդ բեռները այնտեղ չեն կորի, ինչ երաշխիք կա, որ այդ բեռները չեն փչանա, կամ ինչպես եղավ 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ՝ ջուր չեն լցնի ու բոլոր ապրանքները չեն փչացնի։ Ո՞վ պետք է երաշխավորի։ Այսինքն, սա Նիկոլ Փաշինյանի ինքնախաբեության դրսևորումներից մեկն է»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն իր բոլոր գործողություններն արդարացնում է նրանով, որ ինքը քարոզարշավի ընթացքում մարդկանց ասել է իր պլանների մասին, իր ծրագրերն հայտնի են եղել ու ժողովուրդը համաձայն է եղել այդ ծրագրերի հետ ու ընտրել է իրեն՝ Պապյանն ասաց, որ ինքը կարող է ամեն ինչ ժողովրդին վերագրել, բայց այն բառերով, որ ինքը խոսել է ժողովրդի հետ՝ ժողովրդի 90 տոկոսը ոչ հասկացել է, ոչ էլ լսել։

«ԻՆչ է նշանակում՝ ես ձեզ բերում եմ խաղաղության դարաշրջան, էդ որ ժողովրդին ասեն, որ բերում է խաղաղության դարաշրջան ու ժողովուրդը չհամաձայնի, հո ապուշ չի ժողովուրդը, բոլորն էլ խաղաղության կողմնակից են, բայց երբ ժողովրդին ասեի, որ այդ խաղաղության դիմաց կորցնում ես 9 գյուղի նկատմամբ վերահսկողությունը, որովհետև նրանց մատակարարման ճանապարհները, այգիները ընկնում են թշնամու ձեռքի տակ՝ սա նշանակում է, որ դա ինքնախաբերություն է, իսկ նա բացառիկ տաղանդ է մանիպուլիացիներ անելու։ Իր ողջ լրատվական գործունեությունն այդպիսին է եղել ու որպես վարչապետ էլ նա գործում է որպես մանիպուլիատոր լրագրող, ոչ ավելի։ Այստեղ այլ հանգամանք կա, ըստ Սահմանադրության ու ըստ Հանրաքվեի մասին օրենքի, որտեղ նշված է, թե ինչ հարցերն են հանրաքվեով լուծվելու՝ սահմաններին վերագրվող հարցը, չի կարող արվել առանց հանրաքվեի։ Եթե ինքը ինչ-որ բաներ է ասել, ու ժողովուրդը երանության մեջ է ընկել՝ էլի չի կարող։ Օրենքը պահանջում է, որ հարցը հանրաքվեի դրվի։ Պիտի հարցնի՝ ժողովուրդ, համաձա՞յն եք, որ այդ 21-կմ-ն լինի ադրբեջանական տարածք։ Եթե անգամ Սովետական Հայաստանի սահմաններով փորձենք դա ամրագրել, ապա Սովետական Հայաստանի քարտեզներով էլ դա վիճելի տարածք է, քարտեզներ կան, որ էդ հատվածը մեր տարածքում է, քարտեզներ կան, որ Ադրբեջանի տարածքում է, հետևաբար, եթե մինչև իսկ Ադրբեջանի տարածքում է, մեր ժողովուրդը պետք է հանրաքվեով համաձայնի, որովհետև ինչ –որ ժամանակ դա եղել է Սովետական Հայաստանի տարածք։ Փաշինյանը իրականացնում է իր հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանի այն սկզբունքը, որ եթե մենք Ադրբեջանին տալիս ենք այն ամենը, ինչ իրենք ուզում են, ապա վատ հարաբերությունների համար հիմքեր չեն լինում և մենք ունենում են եղբայրության համար լավ պայմաններ, բայց դա երբեք չի գործել ու չի գործելու, մենք դա տեսնում ենք, պարզապես, իր փորձարարությունները մեր վրա թանկ է նստում։ Հայաստանը որբի գլուխ չի ու Նիկոլը չպետք է վարսավիրություն սովորի որբի գլխի վրա»։

Նա ընդգծեց, որ եթե ժողովուրդը չի ուզում պարբերաբար զիջել, ապա 100 հազարներով պետք է դուրս գա փողոց ու Նիկոլի ասի՝ թիմդ հավաքի՝ գնա։ Եթե ժողովուրդը դա չանի ու պարբերաբար ակնկալի, որ ինչ-որ մեկն իր փոխարեն է որոշում կայացնելու ու ինչ-որ բան անելու, ապա այդպես չի լինելու։ «Հակառակ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին են ընտրել՝ թող գնան իրենից էլ ուզեն, հիմա նույն Շուռնուխի ու Որոտանի գյուղերի բնակիչները թող գնան Նիկոլից ուզեն իրենց անվտանգությունը, տները։ Հիմա նրանք, որ կորցնելու են իրենց ապրուստը ու իրենց զավակներին հաջորդ պատերազմի ժամանակ, թող գնան ու բռնեն Նիկոլի կոկորդից։ Եթե առանց ժողովրդի դա հնարավոր լինել, դա անել՝ կանեինք, բայց չի լինում այդպես, որովհետև, երբ առանց ժողովրդի ենք դա անում՝ մեզ ասում են՝ վատն եք»։

Սկզբնաղբյուր