Մեր բոլոր օրգանները՝ բացի ստամոքսից, մեռած ե՞ն. Այս ընտրություններից քաղաքացիական պատերազմի հոտ է գալիս

Ընկած ընտրություն-ընտրություն ենք խաղում. Արդյո՞ք դրա ժամանակն է

ա

Երկրում տեղի ունեցող իրադարձությունների համալիր վերլուծությունը պարզորոշ վկայում է մի բանի մասին միայն, որ դրանց նույնատիպ շարունակության դեպքում ուղղակի անհնարին է արտահերթ խորհրդարանական ընտրությունների խաղաղ ընթացքը:

Երկրի բովանդակային գունապատկերը բաժանված է երկու մասի՝ սեւ ու սպիտակի, որի արտացոլանքը տարածվել է նաեւ ժողովրդի վրա: Ցավոք, ժողովրդին եւս տրոհել են սեւի ու սպիտակի, որոնց մեջ հնարավոր են բախումներ։ Զարմանալին այն է, որ կրելով նույն արյունը, հանուն իշխանության նրանք պատրաստ են անողոքաբար ոչնչացնել միմյանց, որը կարող է ավելի ահավոր լինել, քան թուրքի ու հայի կռիվը: Հենց վերջերս էր, չէ՞, որ հանձնեցիք ու դեռեւս անխղճորեն շարունակում եք մաս-մաս հանձնել հայրենիքը:

Բա որ այդքան ուժեղ կռվողներ եք, ինչո՞ւ այդպես հեշտությամբ պարտվեցիք թուրքին: Փոխանակ մի փոքր նամուս ունենալու եւ թուրքի դեմն առնելու, անկարողությունից ուզում եք իրար հոշոտե՞լ: Հա, թուրքի հետ կռվում զոհասեղանին դրված էր հայրենիքի հարցը, որը միշտ էլ ձեզ համար վերացական է եղել, որի համար էլ դավաճանեցիք նրան: Եթե մինչեւ այսօր չեք հասկացել, որ հայրենիքը վերացական չի լինում, այն միշտ իրական է, ապա մի քանի բառով ներկայացնեմ այն: 
Հայրենիքն այն տարածքն է, որի վրա ապրում եւ արարում եք, ու եթե չփայփայեք եւ պահպանեք այն, ապա ուրիշները /կոնկրետ դեպքում՝ Թուրքիան, Ադրբեջանը/ կխլեն այն՝ ձեզ կոտորելով կամ լավագույն դեպքում դարձնելով ճորտեր:

Եվ հիմա հանուն իշխանության հոշոտում եք միմյանց: Կներեք, մոռացել էի, որ ձեզ համար դա արդեն վերացական չէ, դա իշխանություն է, փող է, որով ուզում եք ճոխ ապրել: Իհարկե, անհասկանալի է, մարդու ճորտ, դավաճան տեսակն ինչպե՞ս կարող է լավ ապրել, եթե անգամ տնօրինում է անսահման փողերի: Այդ պարագայում նրա լավ ապրել կոչվածն ընդամենը լավ լափելն է…

Մեր հայրենիքի մի ստվար մասը, հազարավոր առյուծ տղաների ենք կորցրել, եւ այսօր էլ մեզ համար ոչ մի լավ բան չի երեւում, ու փոխանակ շտկելու մեր միտքն ու մեջքը, մի միասնական բռունցք դառնալու, թուրքի առաջխաղացումը կանգնեցնելու եւ դուրս շպրտելու մեր սուրբ հողերից, ընկած ընտրություն-ընտրություն ենք խաղում: Արդյոք դրա ժամանա՞կն է։ Մի՞թե այս վերջին պարտությունից էլ չհասկացանք, որ դրա հիմնական պատճառները մեր ներսից են գալիս, ու ոչ թե թուրքը հաղթեց, այլ մենք պարտվեցինք։

Ինչ է, բավական չէ՞, ուզում ենք ամբողջ հայրենի՞քը կորցնել։ Բա ի՞նչ պատասխան ենք տալու երկնքից մեզ նայող հազարավոր առյուծ տղերքին։ Ասելու ենք, որ դուք իզուր հավատացիք մեզ, մենք աննամուս ու անհույս դավաճաննե՞ր ենք։ Մեր բոլոր օրգանները՝ բացի ստամոքսից, մեռա՞ծ են …
Լուծումը մեկն է: Հանուն հայրենիքի, հանուն աշխարհի ողջ հայության պետք է մի կողմ դնենք մեր ամբիցիաները, անորոշ ժամանակով հետաձգենք ընտրություններ կոչվող ֆարսը, ազգովին տեղավորվենք մի հարթակի վրա, որտեղ բացի հայրենիքի ուժեղացմանն ուղղված քայլերից, այլ օրակարգ չպետք է լինի: Կհաջողվի՞ մեզ, պատվով կլուծե՞նք այդ հարցերը, դրանից հետո միայն, եթե կարիքը լինի,  ընտրություններ կանցկացնենք, մեր ձեռքը բռնող չի լինի:

Այսօր հայրենիքում համատարած սուգ է, իսկ դուք ուզում եք ընտրություններ անել, որպեսզի իշխանություն ունենաք եւ երջանիկ ապրեք: Չգրված օրենք է. հարսանիք անում են այն տանը, որտեղ ամեն ինչ խաղաղ է, եւ պրոբլեմները լուծված են… Եթե մի սովորական հանրահավաքի արդյունքում բոլորը խառնվում են իրար, ապա ի՞նչ տեղի կունենա երկրի ողջ տարածքում ընթացող համատարած ընտրությունների ժամանակ: Կույրին անգամ տեսանելի է, որ կլինի կենաց ու մահու կռիվ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքացիական պատերազմ, որի պարագայում հնարավոր է անգամ ավելի շատ զոհեր ու վիրավորներ ունենանք /Աստված մի արասցե/, քան արցախյան պատերազմում, եւ երկիրը վերջնականապես կկործանենք, եւ Հայաստան անունն իսպառ կջնջվի…

Այսօր կշեռքի մի նժարին դրված է հայրենիքը, մյուս նժարին՝ իշխանատենչությունը: Վախենամ, որ հաղթի իշխանատենչությունը, որը կլինի մեր պետության եւ պետականության վերջը։ Քանի դեռ չի եկել այդ օրը, եւ երանի չենք տվել հայի ետին խելքին, դեռ ժամանակ կա, պետք է շտապ դադարեցնել հունիսի 20-ին անցկացվելիք ընտրությունների անցկացումը եւ անորոշ ժամկետով հետաձգել, մինչեւ երկրում իրավիճակ փոխվի: Թվում է՝ երկրում ստեղծված անելանելի իրավիճակից դուրս գալու ամենաժողովրդավարական եղանակն ընտրություններն են, սակայն այս պայմաններում դրա հետեւանքները շատ ավելի վատ են լինելու, քան անգամ զինված հեղաշրջման դեպքում, քանզի, միեւնույն է, այս պայմաններում  ընտրությունների անցկացումն արդյունքում բերելու է զինված պայքարի, մի տարբերությամբ, որ մինչ զինված պայքարի փաստացի սկսվելը, մենք դրա նախերգանքում արդեն ունենալու ենք բազմաթիվ զոհեր:

Մենք պետք է մի բան հստակ հասկանանք. պատերազմից հետո ունենք տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, որոնց ծնողները եւ հարազատները կոկորդները սեղմելով՝ մի կերպ դիմակայում են իրենց ցավին, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե հնչեն առաջին կրակոցները, այդ դեպքում երկիրը վառոդի նման միանգամից կպայթի, եւ դրա դեմն առնելն արդեն անհնարին կլինի, քանզի նրանք էլ կորցնելու բան չեն ունենա:

Սրան էլ եթե ավելացնենք իշխանատենչությամբ տառապող մոլագարներին, ապա քաղաքացիական պատերազմն արդեն պատրաստ է…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Աղբյուրը՝ hraparak.am