Բոլոր փաստաթղթերը Ռուսաստանն է կազմել, ես էլ ստիպված էի ստորագրել...

Մանրամասներ

1

Ռուսաստանը մեծ փորձ է կուտակել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում և պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին այդ խնդրով, նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն. «Ռուսաստանը պատրաստ կլինի, եթե Բաքուն և Երևանը համապատասխան խնդրանքով դիմեն այս գործընթացին խորհրդատվական օգնություն տրամադրելու համար: Մենք մեծ աշխատանք ենք տարել Ղազախստանի և այլ երկրների՝ Չինաստանի հետ մեր պարագծի երկայնքով սահմանների սահմանազատման ուղղությամբ: Մենք այդպիսի աշխատանքի փորձ ենք կուտակել: Ուստի պատրաստ ենք մասնակցել, բայց կրկնում եմ ևս մեկ անգամ՝ բոլոր կողմերի համապատասխան դիմումի և համաձայնության դեպքում»: Ռուդենկոն նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման հարցի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի՝ համաձայնագիրը պետական սահմանի վերաբերյալ:

Այսպես, Մոսկվան ձգտում է ներգրաված մնալ Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման գործընթացում, սա երևում է: Բայց կա նաև խնդրի չերևացող մասը: Փաշինյանը ցանկացած պահի կարող է ասել, որ ռուսական կողմն է մեղավոր, որ Հայաստանը զրկվեց այս, կամ այն տարածքից:

Ընդհանրապես, Փաշինյանի քայլերը՝ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին դիմելու հարցում ադրբեջանական բանակի ներխուժման առիթով, որոշակի վտանգներ են պարունակում: Փաշինյանը շատ լավ գիտի, որ ռուսական կողմը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Ռուս խաղաղապահը կարո՞ղ է կրակ բացել, օրինակ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանական բանակի ներկայացուցչի ուղղությամբ...

Եթե նման բան տեղի ունենա՝ Ադրբեջանն անմիջապես Ռուսաստանին դուրս կհրավիրի Լեռնային Ղարաբաղից, մեղադրելով, թե՝ «այդպե՞ս եք խաղաղություն պահպանելու»... Առանց այն էլ՝ այդպիսի առիթի են սպասում:

Գրեթե նույն պատկերն է ՀԱՊԿ-ի պարագայում: Շատ լավ իմանալով, թե ՀԱՊԿ անդամ պետություններն ինչ մակարդակի հարաբերություններ ունեն Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը կրկին հարվածեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ցույց տալով, որ այդ կառույցն անպետք կառույց է՝ «Հայաստանը դիմեց, ՀԱՊԿ-ն պետք չեկավ, չօգնեց...»

Այսինքն, բոլոր առումներով, Փաշինյանը հող է նախապատրաստում ցանկացած խնդիր Ռուսաստանի վրա բարդելու համար: Հեռու չէ նաև այն ժամանակը, որ նա կասի՝ «բոլոր փաստաթղթերը Ռուսաստանն է կազմել, ես էլ ստիպված էի ստորագրել...»: Իսկ ապագայում չի բացառվում, որ նա նույնիսկ ասի՝ «Հողերը տվել է Ռուսաստանը, ինձանից ի՞նչ եք ուզում... Ես կատարող մարդ էի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում