«Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». The Jerusalem Post

Մանրամասներ

ա

Իսրայելական Jerusalem Post հայտնի պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և իսրայելական պետության կողմից այս պատմական փաստի ճանաչման կարևորությանը:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.

Մեկ ու կես միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ են սպանվել Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Այս իրադարձությունը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն: Չնայած Հոլոքոստից անմիջապես հետո ստեղծված երկիր լինելուն` Իսրայելում այս թեմայով շատ բան չեք լսի:

Դա այն պատճառով է, որ հրեական պետությունը՝ այն մարդկանց տունը, որոնք տեսել են նացիստների կողմից ոչնչացված վեց միլիոն ազգակիցների սպանությունը, դեռ պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ սա փոխվի:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածի հիշատակի պաշտոնական օրն ապրիլի 24-ն է: Հինգշաբթի Սպիտակ տան աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել սպանդը որպես ցեղասպանություն, չնայած որ այդ քայլը, անկասկած, կբարկացնի Թուրքիային և էլ ավելի կխորացնի արդեն խարխլված կապերը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև:

«Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը»,- հայտարարել էր Բայդենը և 2020 թվականի ապրիլին խոստացել ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բոլոր միջոցները կանգ էին առնում ԱՄՆ Կոնգրեսում, և նախագահները ձեռնպահ էին մնում այդ եզրույթի կիրառումից՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ մտավախությունների և Անկարայի կողմից ինտենսիվ լոբբինգի հետ:

Նույնը կրկնվել է Իսրայելի դեպքում: Պատմական փաստերը ճանաչելու հարցում Իսրայելը նույնպես վախենում էր թուրքական վրեժխնդրությունից:

2018 թվականին Մերեց Թամար Զանդբերգն առաջարկել էր օրինագիծ՝ սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին, սակայն օրինագիծը չեղարկվել էր կառավարության դիմադրության պատճառով: Մեկ տարի անց Քնեսեթի (Իսրայելի խորհրդարանը,- Tert.am) մի շարք բարձրաստիճան անդամներ, այդ թվում` Յաիր Լափիդը և Գիդեոն Սաարն աջակցել են այդ քայլին, բայց կրկին այն արդյունք չի տվել՝ կառավարության նվազ աջակցության պատճառով:

Ավանդաբար, Իսրայելի կողմից դրան շարունակություն չտալու վերաբերյալ բացատրությունների պատճառը Թուրքիայի հետ ավելի բարիդրացիական հարաբերությունների «դուռը բաց թողնելու» անհրաժեշտությունից մինչև կառավարության հստակ օրակարգով էր պայմանավորված: Իսրայելն Ադրբեջանը գերադասել է Հայաստանին: Այդ մասին պարզ էր դարձել անցած աշնանը, երբ Իսրայելը զենք էր մատակարարում Ադրբեջանին, երբ այն հայերի դեմ կռվում էրվիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար:

Մեկը չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Այո՛, Իսրայելը ունի աշխարհաքաղաքական նկատառումներ, և դրանք հնարավոր չէ անտեսել, բայց այն նաև ունի բարոյական հրամայական, որը չի կարող պարզապես ջնջել: Լինելով ժողովուրդ, որն իր հիմնադրումից ի վեր ցեղասպանության և հետապնդումների փորձ է ունեցել, հրեաները պատասխանատվություն են կրում կանգնելու այլ ժողովուրդների կողքին, որոնք անցնում են նման վայրագությունների միջով:

Երբ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը մենք ասում ենք «այլևս երբեք», դա ակնհայտորեն «այլևս երբեք» է միայն մեր ժողովրդի համար, բայց ոչ մի վատ բան չկա գիտակցելու համար այն, որ ցեղասպանությունը երբեք չպետք է պատահի նաև ուրիշների հետ: «Այլևս երբեք»-ն ապահովելու առաջին քայլն այն է, որ պետք է ճանաչել պատմությունն այնպես, ինչպես եղել է և հասկացնել, որ հայերի հետ կատարվածը իրականում ցեղասպանություն էր:

Բացի այդ, աշխարհաքաղաքականությունը դիտարկելիս, Իսրայելը կոնկրետ ինչո՞ւ պետք է վախենա Թուրքիայից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունները կարո՞ղ են սրանից էլ ավելի վատթարանալ:

Մերձավոր Արևելքում հակասեմական կռվարարի պես իրեն պահող Էրդողանից վախենալու առիթ չկա: Ճիշտ է, Էրդողանը վերջերս ասել է, որ կցանկանար ավելի լավ հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, բայց նա դեռ հյուրընկալում է «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդներին Անկարայում, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեռ համեմատում է Իսրայելը նացիստական Գերմանիայի հետ: Թուրքիան պնդում է, որ ցանկանում է «ազատագրել Ալ Աքսան» ՝ պնդելով՝ «Երուսաղեմն իրենցն է»:

«Պաղեստինի քաղաքականությունը մեր կարմիր գիծն է: Մեզ համար անհնար է ընդունել Իսրայելի պաղեստինյան քաղաքականությունը, նրանց անխնա գործողություններն անընդունելի են»,- ասել է Էրդողանը անցյալ դեկտեմբերին Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո:

Իսրայելը, իհարկե, պետք է ուսումնասիրի, թե ինչ կարող է նշանակել Թուրքիայի հետ այս մերձեցումը, բայց դա չի կարող անել՝ անտեսելով չարիքին առերեսված հայերի կողքին կանգնելու իր բարոյական և պատմական պատասխանատվությունը:

Որպեսզի աշխարհը երաշխավորի, որ այդ վայրագություններն այլևս չկրկնվեն, մենք պետք է հասկանանք դրանց էությունը: Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա պարզ օրինագիծ է: Ժամանակն է, որ Քնեսեթն ընդունի այն»: