Կոտրել է Սարյանի «Պոչտայի» ապակին ու բջջային հեռախոսներ գողացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Նոյեմբերի 16-ին, ժամը 5.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ քիչ առաջ ինչ-որ մեկը կոտրել է Սարյան փողոցի խանութներից մեկի պատուհանի ապակին և փորձել գողություն անել, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, գողությունն ավարտին չի հասցրել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ միջացառումներ` գողության փորձը բացահայտելու ուղղությամբ, երբ ոստիկանությունում ստացվեց հերթական զանգը։

Այս անգամ կոտրել էին Սարյան փողոցի «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանի ապակին, մտել ներս ու կրպակներից գողացել բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ։

Ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջացառումներ և վերծանելով տեսախցիկների արձանագրածը՝ հաստատվեց իրավապահների կասկածը, որ գողությունն ու գողության փորձը նույն մարդու ձեռքի գործն է։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ, ճշտեցին կասկածյալի ինքնությունը։ 35-ամյա տղամարդը ժամեր անց հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։
Նա ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։