Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին Բաքվում է

Սպասվում է, որ նա կայցելի նաև Երևան ու Մոսկվա

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին գտնվում է Բաքվում։ Նա Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուրցիչների հետ քննարկում է Ղարաբաղյան հակամարտության տեւական կարգավորման Իրանի կողմից մշակված ծրագիրը։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Սպասվում է, որ նա կայցելի նաեւ Երեւան եւ Մոսկվա։

Փոխնախարար Արաքչին ասել է, որ այն ծրագիրը, որը բերել է ինքը եւ ներկայացնելու է, կապահովվի տեւական խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Ըստ իրանցի բարձրաստիճան դիվանագետի, ծրագրում հաշվի են առնված հետեւյալ կետերը․ «Ադրբեջանի հողերի օկուպացիայի դադարեցում, ազգային փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների պաշտպանություն, մարտական գործողությունների դադարեցում, բանակցությունների մեկնարկ՝ հեղինակավոր երկրների մասնակցությամբ»։ Նա նկատել է, որ ծրագիրը կարող է կյանքի կոչվել քայլ առ քայլ։

Միաժամանակ, Արաքչին ասել է, որ ներկայումս ինքը խորհրդակցություններ է անցկացնում ռեգիոնի երկրների հետ։ Աբբաս Արաքչին հանդիպել է արդեն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիեւի հետ։