«Նիկոլին այլևս ոչինչ չի փրկի, նրա օրերը հաշված են». Սայաթ Շիրինյան. Փաստինֆո

Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկվել է, մեր պետության միջազգային վարկանիշը շարունակում է արագընթաց գահավիժել, ու սրա պատասխանատուն անպատասխանատու Նիկոլ Փաշինյանն է

«Օրվա իշխանությունը՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, ցայտնոտի մեջ է հայտնվել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում, մեկնաբանելով նախօրեին տեղի ունեցած աղմկահարույց կադրային փոփոխությունները, ասում է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը, - ես դեռ փորձում եմ հասկանալ՝ ո՞ւմ է նա նշանակել ստրատեգիական նշանակության ամենակարևոր ոլորտներից մեկի՝ ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում, ո՞ւմ... Մեկին, ով բացարձակապես ոչ մի տեղեկություն չունի, թե ինչ է առհասարակ ազգային անվտանգության համակարգը՞։ Սա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլն իր մի նշանակմամբ ստորագրեց և հողին հավասարեցրեց ողջ համակարգը։ Ի վերջո ԱԱԾ-ում բազմաթիվ վաստակաշատ գեներալներ կային, ովքեր և՛ քաջատեղյակ էին, և՛ արժանի՝ գլխավորելու այդ կարևորագույն կառույցը։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ նա հենց այդ տղային նշանակեց ԱԱԾ-ի ղեկավար, ի՞նչ է՝ մնացյալ բոլորն այդքան անվստահելի՞ կադրեր էին»։

Շիրինյանի կարծիքով՝ վարչապետը փորձում է իր երերացող իշխանությունն ամրապնդելու համար ոչ թե համակարգին, այլ իր անձին անվերապահ ծառայող մեկին բերել, որովհետև պրոֆեսիոնալները շատ լավ են հասկանում, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը բազմաֆունկցիոնալ գործառույթներով օժտված կառույց է՝ պինդ թելերով կապված հարևան երկրների՝ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների այլ գերատեսչությունների հետ։ Դա մի կառույց է, որն առանձին գոյատևել չի կարող։ «Իսկ ի՞նչ է տեղի ունենում հիմա»,- հարցնում է ոստիկանության գնդապետն ու ինքն էլ պատասխանում. «այս հզոր կառույցի քանդման վերջին փուլն է ընթանում։ Սկիզբը դրվել էր սրանց գալու հետ՝ դեռևս 2018- -ին»։

Նրա խոսքով՝ Նիկոլն իր տեսակով միջակ լրագրող է և, այս երկու տարիների ընթացքում, երբ նրան վստահվել էր երկրի ղեկը տանելու ծանր պարտականությունը, նա՝ որպես ղեկավար, այդպես էլ ո՛չ անձնային, և ո՛չ էլ մասնագիտական աճ չգրանցեց, այլ մնաց որպես միջակ լրագրող։ Հետևաբար, նա գաղափար անգամ չունի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում պետական համակարգն ու դրան հարող կառույցները։ Արդյունքում, մեր աչքի առաջ պետությունը փլուզվում է և դրանում են մեղավոր են բացառապես բոլորը՝ բացի իրենից։ Ի վերջո, եթե մի տղամարդ չի կարողանում ղեկավարել իր կնոջը, նա երկիր չի կարող ղեկավարել»։

Արդյո՞ք նոր կադրային փոփոխությունները կփրկեն երկիրն ու կարդարացնեն Փաշինյանի սպասումները հարցին Սայաթ Շիրինյանը պատասխանում է՝ Նիկոլ Փաշինյանին այլևս ոչինչ չի կարող փրկել, որովհետև նրա օրերն՝ իշխանության ղեկին, արդեն իսկ հաշված են. «Որքան էլ որ մեր երկիրն անկախ լինի, այն չի կարող գոյատևել՝ մնալով աշխարհից մեկուսացված, իսկ մենք միջազգային աշխարհից մեկուսացված վիճակում ենք հայտնվել։ Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկվել է և մեր պետության միջազգային վարկանիշը շարունակում է արագընթաց գահավիժել ու սրա պատասխանատուն անպատասխանատու Նիկոլ Փաշինյանն է»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո