Թրամփը հավաստիացնում է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին

Նա ԻՊ՝ ամբողջ աշխարհում ամենադաժան եւ անգութ ահաբեկչական կազմակեպության հիմնադիրն ու պարագլուխն էր

Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել են «Իսլամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Կիրակի այսպիսի պնդում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Միջազգային հանրությունը ոգեւորությամբ է ընդունել նրա ոչնչացման մասին լուրը, սակայն մի շարք երկրների ներկայացուցիչներ նշել են, որ նրա ոչնչացումը չարժե ընդունել, որպես ԻՊ-ի դեմ հաղթանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Աբու Բաքր ալ Բաղդադին մահացած է: Նա ԻՊ՝ ամբողջ աշխարհում ամենադաժան եւ անգութ ահաբեկչական կազմակեպության հիմնադիրն ու պարագլուխն էր»,- հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանից ելույթ ունենալով քաղաքացիներին հղած հեռուստաուղերձով: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «երկար տարիներ ալ Բաղդադիին որոնում էր», իսկ նրան բռնելն ու ոչնչացնելն իր վարչակազմի «ազգային անվտանգության բարձրագույն առաջնահերթությունն էր»:

Թրամփը պնդում է, որ ահաբեկչի գտնվելու մոտավոր վայրը հաջողվել է հայտնաբերել «2 շաբաթ» առաջ, որից հետո ամերիկացի զինվորականները ակնդետ հետեւել են նրա տեղաշարժմանը: «Գիտեք, այդ մարդիկ անչափ խելացի են: Նրանք այլեւս չեն օգտվում բջջային հեռախոսներից: Նրանք տեխնիկապես հրաշալի կոփված են: Նրանք համացանցն ավելի լավ են օգտագործում, քան աշխարհում փաստացի որեւէ մեկ ուրիշը, հնարավոր է՝ Դոնալդ Թրամփից բացի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը: Վերջնարդյունքում հաջողվել է հաստատել, որ զինյալների պարագլուխը իջեւանել է շենքերի համալիրի տարածքում, որից էլ, վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարի խոսքով, սկսվել է ամերիկյան գործողության հիմնական մասը: Զինծառայողները այդ վայր են բերվել 8 ուղղաթիռներով, ներխուժել են համալիր եւ սկսել մաքրել այն:

Թրամփը հավաստիացրել է, որ արդյունքում ԻՊ պարագլխի հետ եղած բոլորը կա՛մ հանձնվել են, կա՛մ տեղում ոչնչացվել: Այնտեղ են եղել նաեւ 11 երեխաներ, նրանք չեն տուժել: Ինքը՝ ալ Բաղդադին այդ ընթացքում փորձել է թաքնվել թունելներից մեկում: «Նա վազել է մինչեւ թունելի վերջը՝ մեր շների կողմից հետապնդվելով: Նա գործարկել է մահապարտի գոտին՝ պայթեցնելով իրեն եւ իր երեք երեխաներին»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ԻՊ պարագլխի մարմինը ձեւախեղված էր, դրանից բացի՝ պայթյունի հետեւանքով նրա վրա էին փլվել թունելի պատերը, սակայն շուտով հաջողվել է նրա անձը հաստատելել ԴՆԹ փորձաքննությամբ: Գործողության անցկացման վայրում հայտնաբերվել են նաեւ 2 կնոջ՝ ալ Բաղդադիի կանանց մարմինները: