Թոշակների կրկնակի պահումներն այսուհետ կբացառվեն. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գառմամաբ անդրադարձել է կենսաթոշակների հետ կապված խնդրին

Վերջին շրջանում քաղաքացիներից ստացված բողոքների համադրման և վերլուծության արդյունքում հայտնաբերվել են մի շարք դեպքեր, որտեղ կենսաթոշակառուները դժգոհություն են հայտնում, որ ստանում են իրենց նշանակված թոշակի կեսից պակաս գումար:
Սոցիալական ապահովության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ առևտրային բանկերի միջոցով կենսաթոշակ ստացող շուրջ 515 կեսաթոշակառուների նկատմամբ իրականացվում է կատարողական վարույթ:
Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կատարողական թերթի կատարման ընթացքում պահումները կատարվում են ինչպես աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից, այնպես էլ առանձին դեպքերում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի կողմից:
Այսպիսով, սոցիալական ապահովության ծառայությունը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կատարողական վարույթի շրջանակներում անվանական կենսաթոշակից պահում է 30 տոկոսը, իսկ մնացորդային գումարը փոխանցում է բանկին: Բանկը իր հերթին նույն վարույթի շրջանակներում, գումարը կենսաթոշակառուի քարտային հաշվին փոխանցելուց առաջ կրկին գանձում /կամ սառեցնում / է ևս 30 տոկոս, ինչի արդյունքում կենսաթոշակառուի անվանական կենսաթոշակից փաստացի պահվում է 51 տոկոս: Մինչդեռ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 3.1 կետի համաձայն՝ «Կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:»
Խնդրի լուծման նպատակով կազմակերպեցի քննարկում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության արդյունքում կարող եմ արձանագրել, որ խնդիրը գործնականում լուծված է և կրկնակի պահումներն այսուհետ կբացառվեն։