Արցախյան խաղաքարտի գաղտնազերծում՝ ամերիկյան ձևով

Նախկին դեսպան Մեթյու Բրայզանի հարցազրույցը ցույց է տալիս այն սպասելիքները, որն ունեն ԱՄՆ-ում Փաշինյանի կառավարությունից, հեղափոխությունից հետո նրանք «որոշ դրական տեղաշարժեր» էին նկատել բանակցային գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան «168 Ժամին» հարցազրույց է տվել:

Այն ցույց է տալիս այն սպասելիքները, որն ունեն ԱՄՆ-ում Փաշինյանի կառավարությունից: Հեղափոխությունից հետո նրանք «որոշ դրական տեղաշարժեր» էին նկատել բանակցային գործընթացում:

«Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում: Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին», ասում է Բրայզան, որը վստահաբար ունի նման տեղեկություններ: Նա մշտապես համարվել է ադրբեջանական-թուրքական իշխանությանը մոտ կանգնած համանախագահ:

Ապա` Բրայզան հիշեցնում է կարգավորման պատմությունը. «Սա միայն ներկայի խնդիր չէ, այլ անցյալ 20 տարիների, երբ Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը և հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, որին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, այնուհետև Սարգսյանի կառավարման օրոք մի քանի տարի առաջ ևս կար իրավիճակ, երբ կողմերը մոտ էին բեկման՝ Պուտինն ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել էր ուշագրավ առաջարկներ, որին հետևեց ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամը: Նույնը, ըստ իս, ներկայումս է տեղի ունենում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է շարունակվում, Ղարաբաղյան խումբը չափազանց ակտիվ է, և կարծում եմ՝ նրանց աջակցում են շրջանակներ ԱՄՆ-ում, ինչպիսին Հայ Դատի հանձնախումբն է, որը չի ցանկանում կարգավորում և միշտ է ընդդիմացել դրան՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք փորձել առաջընթաց ապահովել: Մշտապես եղել են հակահայկական ալիքի մեջ: Քեն Խաչիկյանը Սերժ Սարգսյանին նույնիսկ դավաճան էր անվանում: Կարծում եմ, նույնը տեղի է ունենում Փաշինյանի հետ, նորություն այս ամենում չկա»:

Այսինքն, այժմ էլ միջազգային հանրությունը Փաշինյանից է ակնկալում քայլեր, բայց նրանք նույնիսկ նկատում են, որ ներսում ճնշում կա նրա նկատմամբ, ինչպես եղել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի տարիներին:

Հետաքրքրական է՝ որպես համանախագահ Բրայզայի մեկնաբանությունը՝ Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ: «Ես չգիտեմ, թե ինչ փաստաթուղթ կամ առաջարկներ են քննարկվում: Բայց ես գիտեմ, որ Մադրիդյան փաստաթուղթը՝ 11 տարի առաջ համաձայնեցված, այսպես թե այնպես եղել է բանակցային սեղանին այս ողջ ընթացքում: Մադրիդյան սկզբունքներն ամենահամապարփակ, տրամաբանական, ամենալավ շրջանակն են, ըստ իս, ԼՂ հակամարտության կարգավորման համար, դա հիմնարար համաձայնագիր է նախագահ Սարգսյանի և Ալիևի միջև, որը նրանք այդպես էլ չկարողացան ավարտին հասցնել: Ամենակարևոր հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, միևնույն ժամանակ՝ ԼՂ-ն ունենալու է ժամանակավոր կարգավիճակ»:

Մնացե՞լ են վերոնշյալ սկզբունքները... Բրայզան հաստատել է մի բան, որի մասին բոլորը գիտեին, բայց Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման մասին, օրինակ` այսօրվա իշխանությունները ծպտուն չեն հանում:

Ինչպես հասկանալ՝ այս դրույթը գոյություն չունի՞... 

hayeli.am

Թամար Բագրատունի