Մինչ ՀՀ իշխանությունները փորձում են սկսել և հիմնավորել ՀՀ եվրաինտեգրացիայի ճանապարհը, արևմտամետ շրջանակներն իշխանության հովանավորությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք են նախաձեռնում, ԵՄ Արևելյան գործընկերության մեկ այլ երկրում՝ Մոլդովայում, հասարակությունն ըստ էության կասկածի տակ է դնում այդ երկրի եվրոպական ապագան։
Ի՞նչ տեղի ունեցավ կիրակի օրը Մոլդովայում
Նախ ներկայացնենք, թե ինչ տեղի ունեցավ ԱլԳ-ում Հայաստանի հարևան, ինչպես նաև այդ ծրագրում առաջամարտիկ, ԵՄ-ին ասոցացված, ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ ունեցող Մոլդովայում։
Կիրակի օրը Մոլդովայում նախագահական ընտրություններ էին։ Ընտրություններին զուգահեռ՝ քաղաքացիները մասնակցում էին Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին։ Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն երկրի Սահմանադրության մեջ։ Բրյուսելը Քիշնևին պաշտոնապես շնորհել է դաշինքի թեկնածու անդամի կարգավիճակ։ Մինչև ընտրություններն անցկացված հարցումներով ընտրողների կեսից ավելին կողմ էր Եվրամիությանը Մոլդովայի անդամակցությանը։ Իսկ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 11 քաղաքական գործիչ, այդ թվում՝ գործող նախագահ Մայա Սանդուն: Քիշնևում հավանական էին համարում ընտրությունների երկրորդ փուլը։ Ինտրիգն ավելի շատ վերաբերում էր հնարավոր հետընտրական զարգացումներին։
Երկրորդ փուլ դուրս գալու շանսերը վերագրում էին երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին, որին աջակցում էր ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը։
Նրա առաջնորդը՝ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, չառաջադրվեց, բայց կոչ արեց իր համախոհներին քվեարկել Ստոյանոգլոյի օգտին։ Ինչպես Դոդոնը, այնպես էլ Ստոյանոգլոն մի քանի գործերով գտնվում է քրեական հետախուզության մեջ, իսկ մյուսներով՝ դատավարության մեջ: Նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի և պետական դավաճանության մեջ, նախկին գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեջ։ Երկուսն էլ պնդում են, որ իրենց գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն։
Հոկտեմբերի 20-ին անցկացված ընտրությունների 99 տոկոսից ավելի քվեների հաշվարկով՝ գործող նախագահ եվրոպամետ Մայա Սանդուն թեև բացահայտ առաջատարն էր, բայց չխուսափեց ընտրությունների երկրորդ փուլից։ Նա ստացավ ձայների 42 տոկոսը՝ զգալի առաջ անցնելով հիմնական մրցակից, նախկին գլխավոր դատախազ ռուսամետ Ալեքսանդր Ստոյանոգլոյից, որը մոտ 26 տոկոս ձայն է ստացել։
Եվս 24 տոկոս էլ միասին ստացել են 3-5-րդ տեղերը զբաղեցրած ռուսամետ թեկնածուները, ինչը նշանակում է, որ, եթե նրանք երկրորդ փուլում համախմբվեն Ստոյանոգլոյի շուրջ, գործող նախագահի հաղթանակը բարդ է լինելու։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին, ԿԸՀ-ն հայտարարեց նոյեմբերի 3-ին կայանալիք երկրորդ փուլի մասին։ Դրան կմասնակցեն Սանդուն ու Ստոյանոգլոն։
Ըստ մի շարք վերլուծաբանների, նախընտրական հարցումները թեև կանխատեսում էին երկրորդ փուլ, սակայն ոչ նման բարձր արդյունքներ պրոռուսական գործիչների համար։ Այն, որ քվեարկությունը խառնել է խաղաքարտերը թե Քիշնևում, թե Բրյուսելում՝ ակնհայտ է, դա ակնհայտ է եղել նաև ընտրությունների գիշերը Մայա Սանդուի արձագանքից, ով հայտարարել է․
«Մոլդովան բախվում է աննախադեպ հարձակման մեր երկրի ազատության և ժողովրդավարության վրա, ինչպես այսօր, այնպես էլ վերջին ամիսներին։ Մեր ազգային շահերին թշնամաբար տրամադրված օտար ուժերի հետ համատեղ աշխատող հանցավոր խմբավորումները հարձակվել են մեր երկրի վրա տասնյակ-միլիոնավոր եվրոներով, ստերով և քարոզչությամբ, օգտագործելով ամենախայտառակ միջոցները՝ մեր քաղաքացիներին և մեր երկիրն անորոշության ու անկայունության թակարդում պահելու համար։ Մենք հստակ ապացույցներ ունենք, որ այդ հանցավոր խմբերը մտադիր են եղել գնել 300 հազար ձայն»։
Հանրաքվեի արդյունքներն ընդհանրապես դարձան մեծ անակնկալ Բրյուսելի համար։ Ընտրողների 50,42%-ը քվեարկեց Եվրամիությանն անդամակցելու օգտին, իսկ բացասական արտահայտվեց քաղաքացիների 49,58 տոկոսը:
Այս ամենին զուգահեռ՝ Մոսկվան և Բրյուսելը միմյանց են մեղադրում Մոլդովայում ընտրություններին միջամտելու և ստացված արդյունքների համար։ Այնուամենայնիվ, որքան էլ բարդ արդյունքներով, Բրյուսելում համարում են, որ Մոսկվայի հետ պայքարի առաջին փուլը հաղթահարված է, իսկ Մոսկվան Մոլդովայի ներկայիս իշխանություններին մեղադրում է ընտրակեղծիքների մեջ, թեև Մոսկվայում քչերն էին կանխատեսում Սանդուի համար նման ցածր արդյունքներ։
Ինչո՞ւ «տապալվեց» եվրահանրաքվեն
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ կիրակի օրը Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններն ու հանրաքվեն լուրջ ջրբաժան դարձան ԵՄ-ի արևելյան հարևանության գոտում քաղաքականության շրջանակում։
Ըստ նրա, նման արդյունքները Բրյուսելի համար տապալում են, քանի որ Մոլդովան դեռևս 2013-ից կնքել է Ասոցացման համաձայնագիր ու կայուն առաջ է գնացել ԵՄ-ի ուղղությամբ, եղել են սերտ կապեր բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հասարակությունների, ինչը ևս էական հանգամանք է։ Սակայն, նրա գնահատմամբ, ընտրությունն արտացոլեց այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում և որոնք անդրադառնում են բոլոր երկրների ու կազմակերպությունների վրա։
Լուկիանովի խոսքով, սա առանցքային նշանակության ազդանշան է Բրյուսելի, հավաքական Արևմուտքի և Մոսկվայի համար։
«Սա նշանակում է, որ, անկախ քաղաքականությունից, իշխանության թելադրած օրակարգից և ԵՄ-ի քաղաքականությունից, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները փոխել են ԵՄ-ի գրավչությունն անդամակցության թեկնածու երկրների համար։ Սա լուրջ փոփոխություն է, որը նույնպիսի վերլուծությունների առարկա պետք է դառնա։ Ինչո՞ւ է լուրջ, որովհետև եվրոպամետ ուժերն ակնհայտորեն առավելություն ունեին քարոզարշավում՝ ունեին և իշխանություն, և լծակներ, և աջակցություն Արևմուտքում, ինչպես նաև որոշակի աջակցություն հասարակության շրջանակում, սրանից բխող՝ բավականին թշնամական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ։
Սակայն արդյունքները ստացվեցին այնպիսին, ինչպիսին գիտենք բոլորս, ինչը նշանակում է, որ ամեն բան չընթացավ Բրյուսելի և Մոլդովայի իշխանությունների գծած սցենարով»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա խոսքով, նման աջակցության պայմաններում Սանդուի ստացած աջակցությունը հասարակության կողմից չափազանց փոքր է, թեև, ըստ վերլուծաբանի, եթե նույնիսկ երկրորդ փուլում Սանդուն դառնա նախագահ, ապա այդ փուլն այնքան կարևոր չի լինելու, որքան սպասվող խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում հաջորդ տարի։
«Ուստի այս ընտրությունները ոչ այնքան կարևոր են, թե վերջնարդյունքում ով կհաղթի, այլ խորքային գործընթացների տեսանկյունից կարևոր է այն, թե որոնք ազդեցին այս ընտրությունների ելքի վրա»,- ասաց նա։
Լուկիանովը սա չափազանց ուշագրավ ելք համարեց Երևանի ու Թբիլիսիի համար։ «Թբիլիսին պատրաստվում է ընտրությունների, խիստ լարված իրավիճակ է, ընտրությունները խոստանում են լինել Վրաստանի ամենաաղմկոտ ընտրությունները, որոնք արդեն դատապարտվել են Բրյուսելի կողմից՝ եվրոպական ուղուց շեղվելու և ԵՄ անդամակցության հեռանկարը կորցնելու համար։ Սա, թերևս, նոր փուլ է Բրյուսելի համար, երբ անդամակցության թեկնածու երկրների համար նա կորցնում է իր բացարձակ գրավչությունն աշխարհաքաղաքական զարգացումների բերումով։ Բնականաբար, սա մտածելու առիթ է ՀՀ իշխանությունների, հասարակության համար։
Սրանք գործընթացներ են այն գոտում, որտեղ որ Հայաստանն է, որն ԱլԳ անդամ երկիր է և գտնվում է այն նույն ճանապարհին, ինչ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եվրաինտեգրացիայի տեսանկյունից։
Առանձնահատուկ պետք է վերլուծվի այն, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ինչ տեղի կունենա Վրաստանում և Մոլդովայում»,- ասաց Լուկիանովը։
Նրա խոսքով, եվրոչինովնիկները կարող են երկար մեղադրել Ռուսաստանին, սակայն իրավիճակն այդքան էլ պրիմիտիվ չէ։
«ԵՄ-ն պետք է առերեսվի նոր իրականության, նոր իրողությունների հետ։ Դա պետք է անեն նաև անդամակցության ձգտող երկրները։ Լավ է, որ Հայաստանում ուսումնասիրելու մի քանի օրինակ կա»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ նույն ճանապարհն անցած երկրների օրինակն ուսումնասիրելը չափազանց օգտակար կարող է լինել։
«Երկրներն իրենց բնույթով ու խնդիրներով նույնական չեն, սակայն աշխարհագրությունը, գլոբալ զարգացումները, արևմտյան քաղաքականությունն այդ երկրների շուրջ նույնն են, գլոբալ առճակատումն իր խնդիրներով նույնն է։ Ուստի Հայաստանը դեռ նոր է սկսում իր ճանապարհը, կան արևմտամետ ուժեր, հանրաքվեի պահանջ, որը ՀՀ ներքին գործն է, սակայն միջավայրը, որում Հայաստանն է, շատ բան է որոշում։
Այդ տեսանկյունից կարևոր են լինելու նաև վրացական արդյունքները, հետընտրական զարգացումները։ Վրաստանում հնարավոր փոփոխությունները ևս փաստելու են, որ նշածս տեղաշարժը տեղի է ունեցել, և ԵՄ-ն այլևս կորցրել է իր աշխարհաքաղաքական գրավչությունը»,- նկատեց նա։
0Comments