Մենք ականատես ենք աշխարհում արևմտյան գերիշխանության ավարտին

Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պետք է խորապես վերաիմաստավորի և նոր հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ

Աշխարհում արևմտյան գերիշխանության դարաշրջանն աշխարհաքաղաքական փոփոխությունների շնորհիվ ավարտվում է: Ինչպես գրում է tass.ru-ն, այս մասին հայտնել է Էմանուել Մակրոնը հանրապետության դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք ականատես ենք աշխարհում արևմտյան գերիշխանության ավարտին: Դա մասնավորապես նոր տերությունների ամրապնդում է նշանակում: Չինաստանն առաջին շարքերում է հայտնվել, իսկ Ռուսաստանն իր ռազմավարության մեջ ավելի մեծ հաջողության է հասնում»,- նշել է նա:

Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պետք է խորապես վերաիմաստավորի և նոր հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ:

«Մենք Եվրոպայում ենք գտնվում: Եթե Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ չկառուցենք, մեզ կմնան լարվածությունը, սառեցված հակամարտությունն ու սառը պատերազմի հետևանքները, հետևաբար պետք է խորապես վերաիմաստավորենք մեր հարաբերությունները և դրանք վերակառուցենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նշել է, որ Ռուսաստանը հարկավոր է արևմտյան աշխարհին Եվրոպայում վստահության և անվտանգության նոր մոդել կառուցելու համար:

Մակրոնը հայտնել է նաև, որ Ֆրանսիայի արտաքին գործերի և զինված ուժերի նախարարներն առաջիկայում Ռուսաստան կմեկնեն՝ բանակցությունների: Իր ելույթում նա կարևորել է Ռուսաստանի հետ «մերձենալուն» ուղղված քայլերը: