Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնի համար կոմպետենտ չէ, մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ընդհանրապես չի տիրապետում այդ պաշտոնի առանձնահատկություններին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նա վստահ է, որ ինչ-որ ժամանակահատվածում քաղաքապետն ինքնուրույն կհամոզվի և հրաժարական կտա: Սամսոնյանի խոսքով՝ քաղաքապետը 10 ամսում ուներ բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի իրականացներ իր նախընտրական խոստումները:
«Աղբահանության համատեքստում Մարությանն ամբողջությամբ ձախողվեց, ուներ բոլոր հնարավորություններն աշխատանքը ճիշտ կազմակերպելու: Վերելակների, ճանապարհների հարցում նույնպես թերացել է: Ամենակարևոր հարցերից մեկը, որն անընդհատ խնդիր է առաջացնում, թափառող կենդանիներն են: Նկատվում է ագրեսիվ պահվածք, և այդ վարքի հիմնական պատճառը փողոցներում աղբի պարունակության այն աստիճան ավելացումն է, որ այդ կենդանիներն արդեն ուտում են աղբը»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:
Հաջորդ խնդիրը, որ նկատեց Սամսոնյանը, գիշերային լուսավորության բացակայությունն է: Նրա խոսքով՝ գիշերը՝ ժամը 3-ից կամ 4-ից հետո, Երևանի շատ փողոցներում լուսավոր փողոցներ չեն լինում, ինչը վտանգավոր է:
«Այսօր, կարծում եմ, ամենամեծ խնդիրներից մեկը վերելակների հարցն է: Ոչ մեկը չգիտի, թե վերելակ նստելուց հետո ինչ է իրեն սպառնում: Բոլորն այդ մտավախությամբ են ապրում: Վերջերս պարզվեց, որ քաղաքապետարանը դրա հնարավորությունն էլ չունի: Ես չգիտեմ քաղաքային մի բնագավառ, որը կարող ենք դրական կողմով ներկայացնել»,-ասաց Սամսոնյանը:
Նա նաև վստահ է, որ Երևանի քաղաքապետն իր պաշտոնավարման ավարտին չի հասնելու, հակառակ պարագայում Երևանցիները կբացատրեն, կհասկացնեն, որ նա այլևս չպիտի լինի քաղաքապետ:
«Ես հուսով եմ, որ նա կհասկանա, որ Երևանը բեմ չէ, ինքն էլ այլևս այն դերասանը չէ, որին ժողովուրդը ծափահարում էր և կհեռանա, եթե նա չհասկանա, վստահ եմ, որ երևանցիները դա սկսելու են ցույց տալ, որովհետև, այն, ինչ որ այսօր կատարվում է Երևանի փողոցներում, առաջինը վնասում է երևանցուն: Այդ աղբը մարդիկ սկսելու են տանել Հայկ Մարությանի տուն»,- եզրափակեց Սամսոնյանը:
0Comments