Ջրվելն իհարկե շատ լավ է, բայց երբ կան մարդիկ, որոնք հատուկ անում են ամեն ինչ, որպեսզի ինտերվյու տալու ընթացքում քո սանրվածքը փչանա, շպարը փչանա և իրենք իրենց լավ զգան, որ հատուկ հատվածներ են ջրում՝ դա իհարկե նորմալ չի, բայց, այնուամենայնիվ, Վարդավառ է՝ բոլորս էլ պիտի ջրվենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Ազգային Ժողովի բակում՝ գորգերի լվացման միջոցառման ժամանակ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Պատգամավորը կարևորել է ԱԺ բակում առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը․ «Եթե նկատել եք՝ առաջին միջոցառումը չի․ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր ազգային տոները, սիրված տոները մեծ շուքով նշվեն, ամրապնդվեն, չնայած՝ Վարդավառն ավելի ամրապնդվելու հնարավորություն չունի։ Բայց նշել և՛ ներսում և՛ դրսում, ցույց տալ ինչպիսի ազգային արժեքներ ունենք մենք, ինչ մշակույթ ունենք, որ մշակույթի կրողն ենք։ Կարծում եմ, որ մեկ բան է, երբ բակերում է դա կազմակերպվում և մեկ բան է, երբ արդեն պետական ուշադրություն է ցուցաբերվում այդ տոներին»։
Հարցին, թե նման ժամանցային միջոցառումները չեն շեղում հանրության ուշադրությունն այնպիսի լուրջ խնդրից, ինչպիսին է, օրինակ «Ստամբուլյան կոնվենցիան»՝ Բադալյանն ասել է, որ ընդհանրապես չի հասկանում, թե ինչու է մեր մեջ ամրապնդվել «Ստամբուլյան կոնվենցիա» վերնագիրը․ «Դա կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, դրա կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցներ մշակելու կոնվենցիա է։ Ես կոնվենցիան ամբողջությամբ ուսումնասիրել եմ, չեմ գտել որևիցե մի բան, ինչ որ այ այսպիսի մեծ իրադարձությունների, մեծ քննարկումների թեմա է տվել։ Հետևաբար՝ չեմ կարծում, որ մենք շեղելու խնդիր ունենք։ Ճիշտ հակառակը․ մենք ունենք խնդիր բացատրելու, թե այս արհեստածին, կեղծ օրակարգը, որ մտցվել է իրենից ինչ է ներկայացնում։ ԱԺ մեր օրակարգում չկա «Ստամբուլյան կոնվենցիան», օրակարգ չի մտել, բայց մտնելու դեպքում էլ մենք պիտի քննարկենք այնուամենայինվ, հետևաբար շեղելու որևիցե պատճառ չկա։ Կիրակի օր է, տոն է, այս տոնը մենք չենք ստեղծել, որ ինչ-որ մեկին շեղենք․ Վարդավառ է, որը հազարամյակներ շարունակ տոնվել է և այսօր նույնպես»։
Եկեղեցու հայտարարության մասին էլ Իմքայլական պատգամավորն ասաց, որ լինելով մկրտված քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցու հետևորդ ՝ հարգելով եկեղեցու կարծիքը, կցանկանար մեր եկեղեցու հոգևորականների հետ քննարկել՝ հասկանալու համար խնդիրը որն է․ «Եթե խոսքը կանանց նկատմամբ բռնության մասին է, ապա Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» ևս կետերով նշված է կանանց նկատմամբ բռնության կամ կանխարգելման պատժամիջոցներ կիրառելու այդ բոլոր կետերը։ Այսինքն սկսած միջնադարից մինչև այսօր մեր պետության, ազգի, մշակույթի մեջ միշտ եղել է այդ վատ վերաբերմունքը կանանց նկատմամբ բռնությանը և ընտանեկան բռնությանը։ Այդ դեպքում ես չեմ հասկանում այս իրարանցումը նաև եկեղեցու հայտարարությունը։ Ասեմ ավելին՝ «Ստամբուլյան կոնվենցիայում» կանանցից բացի ուրիշ բան չկա։ Մի քիչ ուսումնասիրելով ես նաև հասկացա, որ կան թարգմանության խնդիրներ»։
Ըստ պատգամավորի՝ լեզվական տարընթերցումներն են նման իրավիճակի տեղիք տվել։ Բադալյանը վստահեցրեց, որ խոսքը գնում է բացառապես կանանց մասին և մնացած թյուրըմբռնումները թարգմանության հետ կապեց․ «Ես դեմ եմ բոլոր նրանց, ովքեր դեմ են կանանց նկատմամբ բռնություններին, իսկ մնացած հարցերը կարելի է քննարկել և հասկանալ»,-եզրափակել է իր խոսքը Բադալյանը։
0Comments